Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում
- Lilit

- 16 hours ago
- 5 min read

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում։ Հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։
Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․
Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։
Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ Տները, ճանապարհները և Հայաստանի ռազմավարական անվտանգության ենթակառուցվածքները նույնպես գտնվում են թիրախի ներքո։
Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել, օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է։
Սա ուղերձ է թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ վատ դերակատարներին ամենուր, որ հարկադրանքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ, պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։ Ժամանակի ընթացքում ոչ սովորականը կդառնա սովորական, իսկ սովորականն՝ ընդունելի։
ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ «հիվանդ» բնորոշեց «հայ հասարակությանը»։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել պետական հովանավորությամբ նարատիվ, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է։
Այսպիսի բառապաշարն անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման և ռասիզմի լեզու է։ Երբ այն զուգակցվում է Հայաստանի սահմաններից ներս շարունակվող ռազմական ներկայության հետ, առաջանում է հարց, որից դիվանագիտությունը չի կարող խուսափել, սա կասկածի տակ է դնում խաղաղությունը։
Դիվանագիտական վերջին ջանքերը, այդ թվում` օգոստոսին արձանագրված Թրամփի ուղուն վերաբերող համաձայնությունները հետաձգել, գուցե նույնիսկ տապալել են Սյունիքը զավթելու Բաքվի ծրագրերը։ Բայց այդ մեխանիզմը կհաջողի, եթե օկուպացիան դիտարկվի խոչընդոտ։ Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը։
Միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս ուժի կիրառմամբ տարածք զավթելն անօրինական է։ Սահմանանշման շուրջ բանակցությունները չեն կարող հետադարձ ուժով օրինականացնել այդ գործողությունները կամ չեն կարող փոխարինել զորքերի դուրսբերմանը։
Խաղաղ գործընթացը, որը հանդուրժում է օկուպացիան և միաժամանակ քննարկում նորմալացումը, հայկական կողմին պարտադրում է բանակցել ճնշման ներքո, իսկ ադրբեջանական կողմին՝ սպասել պատասխանատվությունից խույս տալու հույսով։
Ամերիկացի և եվրոպացի միջնորդները պետք է բացահայտ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ։
Մինչև զորքերի դուրսբերումը չսկսվի, բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Գործընթացը պետք է կապվի պարտավորությունների կատարման հետ, այլապես այն կդառնա պաշտպանիչ վահան, որի հետևում ստատուս քվոն միայն ամրապնդվում է։
Սա չի բացառում խաղաղությունը: Հակառակը՝ դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հարատև խաղաղություն: Հարկադրանքի վրա կառուցված և լուծում չստացած կարգավորումը կայունություն չէ․ դա պարզապես հետաձգում է։ Վաղ թե ուշ խախտված հավասարակշռությունը նորից գլուխ է բարձրացնում։
Հարատև խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա․ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։
ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։ ԱՄՆ-ի հեղինակությունը կամրապնդվի միայն այն դեպքում, երբ սկզբունքները հետևողականորեն կիրառվեն։
Հոդվածը հայերենով ներկայացնում ենք ստորև․
«Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկուպացնի Հայաստանի տարածքները
Բաքուն շարունակում է իր անպատիժ զավթողական ագրեսիան
Ամերիկյան դիվանագիտությունը միշտ կանգնած է եղել մի պարզ, բայց ներում չունեցող փորձության առաջ․ արդյոք այն ապահովում է արդարություն։
Երբ թույլ է տրվում, որ հակամարտությունները ձգձգվեն «գործընթաց» կոչվող դրոշակի ներքո, ժամանակը սկսում է աշխատել ուժեղ կողմի օգտին, եթե Վաշինգտոնն իր հստակ ուշադրությունը խնդրի վրա չսևեռի։ Հարավային Կովկասը հասել է հենց այդպիսի մի իրավիճակի․ Նախագահ Թրամփը հպարտանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իր խաղաղարար ջանքերով, սակայն առայժմ նա թույլ է տալիս Բաքվին անպատիժ մնալ իր զավթողական ագրեսիան ընդլայնելու հարցում։
Երբ շատերը մտածում են այս հակամարտության մասին, ուշադրությունը կենտրոնացնում են վիճելի տարածաշրջանի՝ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա, որը գտնվում է Ադրբեջանի հետխորհրդային միջազգայնորեն ճանաչված սահմաններում և որը Բաքուն վերահսկողության տակ է վերցրել ու ենթարկել էթնիկ զտման։
Սակայն այստեղ կա մեկ այլ հարց․ սկսած 2021 թվականից ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը և դիրքեր զբաղեցրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։
Այս ներխուժումները ընդլայնվեցին 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական լայնածավալ հարձակումների և հետագա սրացումների ընթացքում։ Այսօր ադրբեջանական ուժերը շարունակում են տեղակայված մնալ Հայաստանի ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածքում՝ գլխավորապես Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում։
Այս տարածքները որևէ միջազգային ձևաչափով վիճարկված չեն։ Դա բուն Հայաստանն է՝ այդպիսին ճանաչված միջնորդական առաքելությամբ զբաղվող բոլոր պետությունների կողմից։ Սակայն տարիների բանակցություններից հետո այդ օկուպացիան մնում է անփոփոխ։
Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել, օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է։
Սա ուղերձ է թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ վատ դերակատարներին ամենուր, որ հարկադրանքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ, պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։ Ժամանակի ընթացքում ոչ սովորականը դառնում է սովորական, իսկ սովորականն՝ ընդունելի։
Այս դինամիկան ամրապնդվում է Բաքվից հնչող հռետորաբանությամբ։ Օգոստոսի 8-ի հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ «հիվանդ» բնորոշեց «հայ հասարակությանը»։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել պետական հովանավորությամբ նարատիվ, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է։
Այսպիսի բառապաշարն անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման և ռասիզմի լեզու է։ Երբ այն զուգակցվում է Հայաստանի սահմաններից ներս շարունակվող ռազմական ներկայության հետ, առաջանում է հարց, որից դիվանագիտությունը չի կարող խուսափել․ ի՞նչ է իրականում նշանակում «խաղաղություն»։
Նույնիսկ առանց դրա, Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումները մարդկանց ստիպել են ապրել մշտական անհանգստության պայմաններում։ Խաղաղ բնակչությունը զրկվել է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից և ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ Մարդկանց տները, ճանապարհները և Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները նույնպես գտնվում են թիրախի ներքո։
Դիվանագիտական վերջին ջանքերը, այդ թվում՝ կապված օգոստոսին արձանագրված Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու դրույթների հետ, շեշտը դրել են կարգավորման, կապուղիների և ապագային միտված համագործակցության վրա։ Համաձայնությունը հետաձգել է, գուցե նույնիսկ տապալել, Բաքվի ծրագրերը, որոնց նպատակն էր ամբողջությամբ զավթել Սյունիքի մարզը։ Փոխարենը՝ Բաքուն կստանա Հայաստանի տարածքով ԱՄՆ-ի կողմից կառավարվող ճանապարհին հասանելիություն։ Սա վատ լուծում չէ, սակայն այն անխախտ է թողնում արդեն գոյություն ունեցող զավթումները։
Ցանկացած մեխանիզմ, որքան էլ բարի նպատակներ ունենա, չի կարող հաջողել, եթե օկուպացիան դիտարկում է ֆոնային պայման, այլ ոչ թե խոչընդոտ։ Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը։
Որպես ընդդիմադիր առաջնորդ Հայաստանում և որպես մարդ, ով հավատում է, որ ամերիկյան միջնորդությունը պետք է գնահատվի արդյունքներով, այլ ոչ թե խորհրդանշական քայլերով ու հանդիսավորությամբ, ես մտահոգված եմ ներկա գործընթացով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությունը կամրապնդվի միայն այն դեպքում, երբ սկզբունքները հետևողականորեն կիրառվեն։
Միջազգային իրավունքն այս հարցում միանշանակ է։ Միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս ուժի կիրառմամբ տարածք զավթելն անօրինական է։ Սահմանանշման շուրջ բանակցությունները չեն կարող հետադարձ ուժով օրինականացնել այդ գործողությունները կամ չեն կարող փոխարինել զորքերի դուրսբերմանը։ Խաղաղ գործընթացը, որը հանդուրժում է օկուպացիան և միաժամանակ քննարկում նորմալացումը, թույլ կողմին պարտադրում է բանակցել ճնշման ներքո, իսկ ուժեղ կողմին՝ սպասել պատասխանատվությունից խուսափելու հույսով։
Պատմությունը բազմաթիվ նախազգուշացումներ ունի, թե սա ուր կարող է տանել։ Անորոշությունը չի լուծում վեճերը․ այն ամրապնդում է դրանք։ Երբ ինքնիշխանության խախտումներին հաջորդում են ոչ թե հետևանքներ, այլ ընթացակարգային համբերություն, ավելի հավանական է, որ այդ խախտումները կրկնվեն, քան լուծում կստանան։
Հենց այս պատճառով է, որ հիմա հստակություն է պետք։ Ամերիկացի և եվրոպացի միջնորդները պետք է բացահայտ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ։ Մինչև զորքերի դուրսբերումը չսկսվի, բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Գործընթացը պետք է կապվի պարտավորությունների կատարման հետ, այլապես այն կդառնա պաշտպանիչ վահան, որի հետևում ստատուս քվոն միայն ամրապնդվում է։
Սա չի բացառում խաղաղությունը: Հակառակը՝ դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հարատև խաղաղություն: Հարկադրանքի վրա կառուցված և լուծում չստացած կարգավորումը կայունություն չէ․ դա պարզապես հետաձգում է։ Վաղ թե ուշ խախտված հավասարակշռությունը նորից գլուխ է բարձրացնում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս գործընթացում ունի լծակներ, սակայն չօգտագործվող լծակներն արագորեն քայքայվում են։ Եթե ինքնիշխանությունը սակարկում ես, ապա միջնորդությունը կառավարող կանոնները սկսում են քանդվել։
Հարավային Կովկասում զգույշ խոսքով խաղաղություն չի հաստատվի։ Դա նշանակում է խուսափել իրականությունն իր անունով կոչելուց։ Այն կհաստատվի այն ժամանակ, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա․ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։
Բանակցությունները կարող են օգնել լուծել հակամարտությունը։ Չի կարելի թույլ տալ դրանցով քողարկել այն։
*Արման Թաթոյանը հայ հայտնի ընդդիմադիր գործիչ է, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը, իրավաբան և Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը»:
Հրապարակման հղումը՝ https://www.washingtontimes.com/news/2025/dec/28/trump-let-azerbaijan-occupy-parts-armenia/
The Washington Times-ը Վաշինգտոնում հրատարակվող ամերիկյան հայտնի օրաթերթ է, որը լուսաբանում է ԱՄՆ-ի և միջազգային քաղաքական ու հասարակական կարևոր զարգացումները։ Այն ԱՄՆ քաղաքական դաշտի ազդեցիկ լրատվամիջոցներից է:




















