top of page

Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին

  • 4 hours ago
  • 2 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե վարորդների արտաժամյա աշխատանքի վճարումը կախված է ուղեվարձի հավաքագրումից, քննադատության է արժանացել ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից։

Զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ներդրված էլեկտրոնային համակարգը հիմնված է քաղաքացիների վստահության վրա, ոչ թե վարորդների կողմից ուղեվարձի հավաքագրման։

«Այդ մարդիկ էլեկտրոնային համակարգ են ներդրել, որն ամբողջ աշխարհում հիմնված է քաղաքացուն վստահելու վրա, ոչ թե վարորդի կողմից ամեն 100 դրամը վերցնելու, ինչպես առաջ էր»,- նշել է նա։

Աբգարյանը հիշեցրեց, որ միջազգային փորձով գործում է նաև վերահսկման մեխանիզմը՝ տուգանքների միջոցով։

«Բոլոր նորմալ երկրներում մարդիկ գիտեն, որ եթե չեն վճարում, կարող են հանդիպել հսկիչի և վճարել ավելի բարձր գումար, քան ուղևորության արժեքն է»։

Ըստ ավագանու անդամի՝ առաջնահերթ պետք է լուծել վարորդների իրավունքների հարցը, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մոտեցումը կարող է լուրջ իրավական խնդիրներ առաջացնել։

«Այն, ինչ ես լսեցի, որ նրանք չեն ստանա արտաժամյա վճարումները, դա կլինի կոպիտ խախտում, որովհետև արտաժամյա վճարումը տրվում է արտաժամյա աշխատելու համար, ոչ թե հսկիչ լինելու»։

Վարորդների աշխատանքային պայմանագրերով, ըստ Իզաբելլա Աբգարյանի, նման պարտականություն նախատեսված չէ։

«Վարորդների պայմանագրերում նշված չէ, որ նրանք պետք է հսկիչի գործառույթ իրականացնեն։ Ավելին՝ քաղաքապետարանը հսկիչների համար առանձին աշխատավարձ է վճարում, և հենց նրանք պետք է զբաղվեն այդ գործով»։

Աբգարյանը նաև զգուշացրեց հնարավոր հետևանքների մասին՝ նշելով, որ այս մոտեցումը կարող է հանգեցնել լարվածության։

«Ունենք ռիսկ, որ կլինեն վարորդների և քաղաքացիների կոնֆլիկտներ, լուրջ անհարմարություններ, և չեմ բացառում, որ վարորդները պարզապես դուրս գան աշխատանքից»։

Նրա խոսքով՝ ուղեվարձի հավաքագրումն ու արտաժամյա վճարումը միմյանց հետ կապ չունեն։

«Դրանք բոլորովին տարբեր գործառույթներ են։ Դա արդեն բեսպրիդելի է նմանվում. գոյություն ունի աշխատանքային պայմանագիր, և որևէ մեկը իրավունք չունի վարորդների պարտականություններից դուրս պահանջներ դնելու»։

Ավագանու անդամը վարորդներին կոչ արեց չտրվել ճնշումներին։

«Վարորդները պետք է հանգիստ շարունակեն իրենց գործը և չտրվեն այդ պրովոկացիային, որովհետև տուժողը միայն իրենք են լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ են հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում պաշտպանել վարորդների իրավունքները։

1/3281
bottom of page