top of page

«Ինչպես հաղթել երկու անգամ». տղամարդը քաղցկեղի բուժման համար ոսկրածուծի փոխպատվաստումից հետո ազատվել է ՄԻԱՎ-ից

  • 4 days ago
  • 2 min read


Օսլոյի բնակիչը ՄԻԱՎ-ի տևական ռեմիսիայի է հասել՝ իր եղբորից վերցված ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է հազվադեպ գենետիկ մուտացիա, որը բջիջները կայուն է դարձնում վիրուսի նկատմամբ։ Հետազոտողների խոսքով՝ սա աշխարհում նմանատիպ թերևս 10-րդ դեպքն է, երբ փաստացի հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ը, հայտնում է The Independent-ը։

ՄԻԱՎ-ը դժվար է ամբողջությամբ վերացնել, քանի որ այն ընդունակ է թաքնվել տարբեր հյուսվածքների բջիջներում՝ նույնիսկ երբ թերապիան արդյունավետորեն ճնշում է վիրուսը։ Հենց այդ պատճառով էլ վարակը հաճախ վերադառնում է հակառետրովիրուսային բուժման դադարեցումից հետո։

Այդուհանդերձ, նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ ռեմիսիան հնարավոր է CCR5Δ32/Δ32 մուտացիա ունեցող դոնորից ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում։ Այս գենետիկ առանձնահատկությունը վիրուսին զրկում է իմունային բջիջներ ներթափանցելու հնարավորությունից։

Պացիենտն այժմ 64 տարեկան է, իսկ ՄԻԱՎ-ը նրա մոտ ախտորոշվել էր դեռ 2006 թվականին։ Ավելի ուշ, ոսկրածուծի քաղցկեղի բուժման նպատակով, նրան իրականացրել են եղբոր ցողունային բջիջների փոխպատվաստում։ Միջամտությունից մոտ երկու տարի անց հակառետրովիրուսային թերապիան դադարեցվել է։

Քանի որ եղբայրն ունեցել է CCR5Δ32/Δ32 մուտացիան, փոխպատվաստված բջիջներն աստիճանաբար փոխարինել են պացիենտի իմունային համակարգին արյան մեջ, ոսկրածուծում և աղիներում։ Հետագա հետազոտությունները չեն հայտնաբերել օրգանիզմի բջիջներում ներդրված ՄԻԱՎ-ի ԴՆԹ-ն։

Տասնյակ միլիոնավոր իմունային բջիջների լրացուցիչ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ակտիվ վիրուս կամ ՄԻԱՎ-ի նկատմամբ յուրահատուկ իմունային պատասխան չկա։ Ժամանակի ընթացքում նվազել է նաև վիրուսի դեմ հակամարմինների մակարդակը։

Գիտնականները նշում են, որ բազմանալու ընդունակ վիրուսի բացակայությունը և դրա դեմ իմունային պատասխանի անհետացումը վկայում են կայուն ռեմիսիայի մասին։

Չնայած հուսադրող արդյունքներին, մասնագետներն ընդգծում են, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են: Միայն քույր-եղբայրների մոտ 25%-ն է համապատասխանում որպես դոնոր, իսկ պաշտպանիչ մուտացիան հանդիպում է Հյուսիսային Եվրոպայի բնակչության մոտավորապես 1%-ի մոտ:

Այս դեպքը ցույց է տալիս, որ իմունային համակարգի փոխարինումը ՄԻԱՎ-ի նկատմամբ կայուն բջիջներով կարող է օգնել վերացնել վիրուսի թաքնված պաշարները: Թեև ցողունային բջիջների փոխպատվաստումը գործնական լուծում չէ պացիենտների մեծամասնության համար, նման դեպքերի ուսումնասիրությունը կարող է օգնել բացահայտել տևական ռեմիսիայի նշանները:

1/3310
bottom of page