top of page

«ԱԺ ամբիոնը անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

  • 3 days ago
  • 2 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը զրույցում արձագանքել է րոպեներ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին այն մասին, թե Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կկորցնի ֆինանսական միջոցները։

«Արդյո՞ք մեզ համար զարմանալի են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից նման հայտարարությունները, բնավ ոչ։ Մեր քաղաքական ուժի առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի պարագայում նա արդեն այդ փորձառությունն ունի։ ՀԷՑ–ի խլումը, սեփականության խլում է դասական իմաստով։  Սա կարծում եմ, որևէ մեկիս, բնավ, չի զարմացնում։ Այս մարդը, ԱԺ–ի ամբիոնը, որը պետք է մարդկանց խնդիրների լուծման հիմնական հարթակ լինի և պետական հարցերի բարձրաձայնման հարթակ, դարձրել է անձնական վենդետաների առարկա։ Նրանք բակային մակարդակի խոսույթ են կիրառում»,–նշեց Գոհար Մելոյանը։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Փաշինյանի այս հայտարարությանը հերթական իրավական գործընթացը հաջորդի և նոր քրեական վարույթներ նախաձեռնվեն, Մելոյանը պատասխանեց․

«Այս հայտարարությունը ևս մեկ հիմնավոր պատճառ է, թե ինչու ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին պետք է գնան ընտրատեղամասեր և «ոչ» ասեն ՔՊ–ին ու ընտրեն արժանապատիվ կյանքը իրավական պետությունում։ Հենց այս փոփոխությունն է, որ մենք ուզում ենք բերել։ Մենք ուզում ենք փոխել այն իրականությունը, երբ պետական պաշտոնյաները իրենց թույլ են տալիս անել այն ինչ ուզում են, առաջնորդվել բացառապես անձնական մոտիվներով ու քաղաքական շահով՝ քար նետելով մեր պետության իրավական և ժողովրդավար բնույթին և մեր սերունդների ապագային՝ հենց պետականության գոյի տեսանկյունից»։

Նշենք, որ ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե մինչև տարեվերջ նա կորցնելու է իր ֆինանսական միջոցները։

«Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ–մեծ որ պարտավորություններ ա ստանձնել, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու է»,–հայտարարել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտարարում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել։

«Ինձ այդ խոսույթն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել ՀՀ–ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռքները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, հիշու՞մ եք ինչեր էին ասում 2018 թվականին։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն ոչնչացնել։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»,–նշել է նա։

1/3310
bottom of page