top of page

Մեր ծնկի իջնելու միակ տեղն ու առիթը պետք է լինի եկեղեցին՝ Աստծո առաջ, պատարագի ժամին․․․

  • Feb 20
  • 1 min read

Մարդն իր տեսակով ցանկացած ինֆորմացիայի արագ ադապտացվում է։ Վերջին շրջանում որքան «արագ է անցնում» ժամանակն ու կյանքը, նույնքան արագ էլ տեղի է ունենում մարդու ադապտացիան։


Օրինակ՝ եթե առաջին օրերին հոգևորականների կալանավորումն ու եկեղեցու շուրջ զարգացումները ցնցեցին, հիմա արդեն սովորական են, այնպես, ինչպես սովորական ու որևէ զարմանք չառաջացնող է հանգամանքը, որ ապրելու համար շնչել է պետք, կամ՝ որ մենք քրիստոնյա ենք։ Միայն թե խոսքով, այո՛, քրիստոնյա ենք, իսկ գործո՞վ, դրսևորումներո՞վ, վարվեցողությա՞մբ ու պահվածքո՞վ․․․ Կրոնի՞ վրա հիմնվելով ենք մեզ ադապտացնում կյանքին, թե՞ ապրում ենք այնպես, ինչպես ստացվում է։

Իրականում Քրիստոնեությունը կամքի ուժ ձևավորող կրոն է ու կամքի ուժ ունեցողների կրոն է։ Կամք չունեցար, Քրիստոնեությունից անընդհատ հետ ես շպրտվելու։ Եվ միայն եկեղեցի գնալը, մոմ վառելն ու Աստծուց այս կամ այն բանը խնդրելով աղոթելը Քրիստոնեություն չէ։ Այն շատ ավելի խորն է։

Լինել քրիստոնյա նշանակում է սիրել մերձավորին, չսպանել, չգողանալ, սուտ վկայություն չտալ, չխաբել, չնախանձել ․․․ մասնակցել պատարագների, պահք պահել․․․ Ի դեպ՝ հենց պահքի ժամանակ ես հասկանում, որ մեծագույն խնդիրը ստամոքսիդ ու ախորժակիդ հետ հարցերդ լուծելը չէ, այլ խղճիդ, լեզվիդ ու մտքիդ հետ հաշվի նստելն է, ակամա միջավայրի ազդեցությամբ «մեղքի տակ չընկնելն» է։



Եւ ինչ կլինի, եթե մարդկանց մեծամասնությունը «կապ հաստատի» հավատքի հետ այնպես, ինչպես հարկ է։ Դրա արդյունքը բոլոր ժամանակերում են գիտակցել, ու ժողովրդից առաջ՝ նախ ժողովրդին ղեկավարողներն են գիտակցել։ Ազգը պառակտելիս էլ առաջինը եկեղեցին են փորձել թուլացնել, ինչպես որ հիմա, որովհետև շատ լավ գիտեն՝ «ծնկի բերել» եկեղեցին նշանակում է ծնկի բերել մի ամբողջ ժողովրդի։ Միայն թե մեր ծնկի իջնելու միակ տեղն ու առիթը պետք է լինի եկեղեցին՝ Աստծո առաջ, պատարագի ժամին․․․

bottom of page