ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում կասկածում են Քամալա Հարիսի քաղաքական ապագայի հարցում
- Lilit
- Aug 3
- 2 min read

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է ընտրարշավներին մասնակցությունից ժամանակավորապես հրաժարվելու մտադրության մասին՝ կենտրոնանալով երկրով մեկ ուղևորությունների, հանրային երկխոսության և հնարավոր ոչ առևտրային նախաձեռնությունների վրա։ Այդ մասին նա պատմել է Սթիվեն Քոլբերի երեկոյան շոուի եթերում։
«Ես ուզում եմ շրջել երկրով։ Ուզում եմ լսել մարդկանց։ Չեմ ուզում, որ սա նման լինի մի գործարքի, որտեղ ես խնդրում եմ ձայն տալ ինձ», -ասել է Հարիսը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում ամբողջությամբ հեռանալ քաղաքացիական ակտիվությունից։
Ըստ նրա, ԱՄՆ քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ է. «Կարծում եմ՝ այն կոտրված է», -խոստովանել է Հարիսը՝ զարմանք առաջացնելով ստուդիայում։
Ըստ Հարիսի, պաշտոնական պաշտոնից հրաժարումը նրան հնարավորություն է տալիս «մարդկանց հիշեցնել իրենց ուժի մասին» և ավելի մոտ լինել հասարակությանը՝ ընտրությունների համատեքստից դուրս։ Ներկայումս նա գրքի շրջագայության մեջ է և դիտարկում է հանրային նախաձեռնություն սկսելու հնարավորությունը, գրում է Politico-ն։
Չնայած 2028 թվականի ընտրություններում նրա հեռանկարի վերաբերյալ Դեմոկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչների կասկածներին՝ կուսակցական որոշ առաջնորդներ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հարիսին։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը հայտարարել է, որ կողջունի նրա առաջադրումը. «Կարծում եմ՝ նա հիանալի թեկնածու էր և հիանալի նախագահ կդառնա»։
Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Փրիցկերը, որը նույնպես հիշատակվում է որպես հնարավոր թեկնածու, Հարիսին անվանել է «կուսակցության հիանալի ներկայացուցիչ» և ընդգծել նրա դերը ընտրողների հետ սոցիալ-տնտեսական մարտահրավերների շուրջ երկխոսության մեջ։
Որոշ վերլուծաբաններ, այդ թվում՝ ռազմավար Դարի Սրագոուն, կարծում են, որ ակտիվ քաղաքականությունից ժամանակավոր հեռանալը կարող է ամրապնդել նրա դիրքերը ապագայում. «Ես հարգում եմ նրան, որ իջել է քաղաքական կոնվեյերից. դա կարող է նրան ավելի ուժեղ դարձնել»։
Սակայն կուսակցության ներսում թերահավատություն է պահպանվում։ Որոշ խորհրդատուներ մատնանշում են հնարավոր հեղինակային ռիսկերը, որոնք կապված են Բայդենի վարչակազմում նրա մասնակցության և նախագահի վիճակի վերաբերյալ նրա իրազեկվածության շուրջ չլուծված հարցերի հետ։ Հարիսի նախկին աշխատակիցներից մեկը կասկած է հայտնել փրայմերիզներում հաղթելու նրա կարողության վերաբերյալ և նշել, որ կուսակցությունը կարող է ավելի հեռանկարային թեկնածուներ ունենալ։