top of page

Անկախ չորս պատգամավորներից երեքը չեն ստորագրի, մնում է ՔՊ-ում «սպիտակ ագռավ» գտնել

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 2 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթացին, ԱԺ «Հայաստան» խմբակցությունն, ըստ էության, միանում է։ Սակայն ԱԺ երկրորդ ամենամեծ ֆռակցիան շարունակում է պահպանել իր առաջ քաշած նախապայմանը, այն է՝ «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»։

Փաստացի, երկրորդ նախագահը կրկին գնդակը թողնում է երրորդ նախագահի դաշտում՝ ասելով՝ եթե կարողանաք ՔՊ-ական, կամ անկախ երկու պատգամավորների համոզել գնալ Փաշինյանի դեմ, ապա մենք պատրաստ ենք միանալու և սատարելու ձեր թեկնածուին։

Անկախ չորս պատգամավորներից երեքի դեպքում իրավիճակը պարզ է․ ՔՊ-ից վերջերս հեռացված ու անկախ հռչակված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանալու գործընթացին, քանի որ իրենք էլ իրենց թեկնածուին ունեն՝ Փաշինյանի նախկին կոալիցիոն գործընկեր Էդմոն Մարուքյանը, որն, ըստ Աղազարյանի, «Նիկոլից տասն անգամ ավելի Նիկոլ է», բայց և այնպես, ավելի ընդունելի թեկնածու է։ 

Հատկանշական է, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հեռացված Գեղամ Նազարյանը ևս չի միանում այս գործընթացին։ Զրույցում նա ասաց, որ սա կեղծ օրակարգ է և այլ նպատակներ է հետապնդում, ուստի ինքը չի միանալու և չի տալու իր ստորագրությունը։ Նշենք, որ 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Նազարյանն ամենաակտիվներից էր, որ խոստանում էր ամեն ինչ անել Փաշինյանին հեռացնելու համար։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից անկախացած Իշխան Զաքարյանին, ապա նա մեր զանգերին չպատասխանեց, սակայն նախորդ տարի՝ «Սրբազան պայքարի» ժամանակ, երբ կրկին խոսվում էր Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի մասին, նա հայտարարել էր, որ կտա իր ստորագրությունը։ «Գնացեք ՔՊ-ից էլ 18 ձայն բերեք, 53 ձայն հավաքեք, համարեք՝ ես կմիանամ ձեզ»,- ասել էր Իշխան Զաքարյանը։

Փաստացի, «Պատիվ ունեմ»-ն այս պահին երկու ձայն բերելու խնդիր ունի, եթե մենք որպես հիմք ընդունենք Իշխան Զաքարյանի նախկին հայտարարությունը, որ նա կմիանա գործընթացին, եթե անհրաժեշտ մյուս ստորագրությունները լինեն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, նա որոշի առանց այդ 18 ձայների միանալ գործընթացին, ապա խորհրդարանական երրորդ ուժը մեկ պատգամավորի ստորագրություն ստանալու խնդիր ունի։ Կգտնվի՞ ՔՊ-ում որևէ մեկը, որ կստանձնի «սպիտակ ագռավի» դերը, դեռևս պարզ չէ։ 

Ինչո՞ւ պարզ չէ, քանի որ ամենաակտիվ ու բոլոր ամբիոններից Փաշինյանին գովաբանող ՔՊ-ականները հայտարարում են, որ իրենց համար ծիծաղելի է այս գործընթացը, բայց մեր աչքի առաջ կան մարդիկ, որ ՔՊ ղեկավարին ճանաչելուց հետո են սկսել հավատալ Հիսուսին, սակայն հիմա բոլոր ամբիոններից հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել է (իհարկե, խոսքը Հովիկ Աղազարյանի մասին է)։ 

Ուստի, լավ փնտրելու դեպքում հնարավոր է, որ  վարչապետի իր թեկնածուին ներկայացրած ուժը գտնի այդ 1-2 ՔՊ-ականին, որ միանալով իրեն, ավելի միասնական կդարձնի նաև խորհրդարանական ընդդիմությանը, որը հենց այս պահին էլ «ֆեյսբուքյան ճակատամարտ» է սկսել՝ լի փոխադարձ վիրավորանքներով ու մենամարտերով, որտեղ մի կողմն ասում է՝ «ստորագրի՛ր եթե ուզում ես Նիկոլը գնա», իսկ մյուս կողմը պատասխանում է՝ «բեր ևս երկու ձայն, և ես կտամ 28 ստորագրություն»։

bottom of page