top of page

Շահան Նաթալին մտածում էր զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 31
  • 2 min read
ree

Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի վիլայեթի Հյուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում, այժմ Էլյազըղ քաղաքի մաս է) 1884 թվականին։ Ընտանիքում հինգ երեխաներից միակ որդին է եղել։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի այլ ազգականներ սպանվում են։ 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում։ Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց։ 1897-1900 թվականներին, Նյու Յորքում բնակվող հարուստ հայ վաճառականի հովանավորությամբ, ուսումը շարունակել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում։ Աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին, որի որդու պատվին ընդունել է «Շահան» անունը։ 1901 թվականին վերադառնում է Խարբերդ, դասավանդում եկեղեցուն կից դպրոցում։ 1904 թվականին ընդունվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում։ 1908 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերստին վերադառնում է հայրենի գյուղ։ Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։ Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։ Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։ Դեմ էր նաև այդ ժամանակ ՀՅԴ բյուրոյում գերիշխող տեսակետին, թե պետք է դաշնակցել Թուրքիայի հետ ընդդեմ Խորհրդային Միությանը։ Այդ հարցերում ՀՅԴ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով 1927 թվականին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից, իսկ 1928-ին՝ կուսակցությունից։ Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, որտեղ ապրել է մինչև մահը։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։ Շահան Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ «Թյուրքիզմը Անգորայեն Բաքու և թրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928), «Ալեքսանդրապոլի դաշնագրեն 1930-ի կովկասյան ապստամբությունները» (հ. 1-2, 1934-35), «Թուրքերը և մենք» (Աթենք, 1928), «Վերստին հավելված», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» (Բոստոն, 1955), «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի), բաղդատական զուգակշիռ» (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության գալ կամ նրանց հետ դաշնակցելով ընդդիմանալ խորհրդային վարչակազմին։

 
 
1/3032
bottom of page