Ամբողջ Եվրոպայում փոստը դադարեցնում է ծանրոցների առաքումը ԱՄՆ՝ բարձր տուրքերի պատճառով
- Lilit
- 15 hours ago
- 1 min read

Եվրոպական փոստային ծառայությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են ԱՄՆ ծանրոցների ուղարկման դադարեցման մասին։ Որոշումը կապված է նոր սակագների հետ, որոնք ուժի մեջ են մտնում օգոստոսի 29-ից՝ Դոնալդ Թրամփի հրամանագրով, հայտնում է Associated Press-ը։
Այժմ 100 դոլարից ավելի արժողությամբ ապրանքները կհարկվեն տուրքերով, իսկ 800 դոլարից թանկ ապրանքները՝ ավելի բարձր սակագներով։ Բացառություն կկազմեն միայն նամակները, գրքերը, նվերները և մինչև 100 դոլար արժողությամբ փոքր ծանրոցները։
Գերմանական Deutsche Post-ը և DHL Parcel Germany-ն առաջինը հայտնեցին, որ այլևս չեն ընդունում բիզնես հաճախորդներից դեպի ԱՄՆ ուղարկվող ապրանքներով ծանրոցներ։ Նրանց են հետևել Դանիայի, Շվեդիայի և Իտալիայի փոստային ծառայությունները։ Երկուշաբթի օրվանից նրանց կմիանան Ֆրանսիան և Ավստրիան, իսկ երեքշաբթի օրվանից՝ նաև Մեծ Բրիտանիան։
Poste Italiane-ը հայտարարել է, որ առանց ամերիկյան իշխանությունների հստակ ցուցումների, ստիպված է ժամանակավորապես դադարեցնել դեպի ԱՄՆ ուղարկվող ապրանքներով բոլոր առաքանիների ընդունումը՝ սկսած օգոստոսի 23-ից։ Նմանատիպ միջոցառումների մասին հայտարարել են նաև PostNord-ը։ Նիդեռլանդներում PostNL-ի ներկայացուցիչը նախազգուշացրել է. «Եթե ցանկանում եք ինչ-որ բան ուղարկել Ամերիկա, արեք դա այսօր»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն դեռևս չի ստեղծել նոր տուրքերի հավաքագրման համակարգ։
Ֆրանսիական La Poste-ը նշել է, որ Միացյալ Նահանգները ժամանակ չի տրամադրել նոր ՏՏ համակարգերի և մաքսային ընթացակարգերի նախապատրաստման համար։ Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը պարզաբանել է, որ 10% տուրքերը կտարածվեն 100 դոլարից ավելի արժողությամբ ապրանքների վրա։
Եվրոպական փոստային օպերատորների PostEurop ասոցիացիան նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 29-ը լուծում չգտնվի, նմանատիպ սահմանափակումներ կկիրառեն նրա բոլոր անդամները։ Այսպիսով, դեպի ԱՄՆ ապրանքների առաքումը կարող է կաթվածահար լինել ողջ Եվրոպայում։