top of page

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանին պատկանող կարի ֆաբրիկային

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 28
  • 1 min read
ree


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկում է մաքսատուրքից ազատման արտոնություն սահմանել «Ալեքս ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է բավարարել «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

Նշված հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ 

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ 

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նշենք, որ «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ն գրանցված է նույն հասցեում, ինչ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը՝ Երևան Արշակունյաց պող., 127/21 շենք (նախկին «Պոլիվինիլացետատ» գործարանի տարածքում)։ Երկու ընկերությունն էլ պատկանում է բոլոր իշխանությունների, այդ թվում՝ այսօրվա իշխանության սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին ու նրա ընտանիքի անդամներին, և սա առաջին դեպքը չէ, երբ խոշոր գործարարին պատկանող ընկերությունները հարկային մաքսատուրքից ազատման արտոնություն են ստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից։ 

1/2951
bottom of page