Հայաստանը մեզ նվաստացնելու համար է արել, չենք մոռանա․ Ալիևի շոկային մեղադրանքները Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպմանը կրկին մեղադրանքներ է հնրեցրել Հայաստանի հասցեին հայտարարելով՝ ադրբեջանցի ժողովուրդը երեսուն տարի ապրել է տառապանքների մեջ, իսկ այսօր ապրում է որպես հաղթանակած ժողովուրդ՝ հաղթանակած պետությունում։
«Չնայած այդ բոլոր տառապանքներին, խոշտանգումներին և ցեղասպանության գործողություններին՝ մենք նման քայլերի չենք դիմել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք հարվածներ ենք հասցրել միայն ռազմական կազմավորումներին։ Ի տարբերություն Հայաստանի՝ մենք երբեք չենք պատերազմել անզեն խաղաղ բնակչության դեմ», - ասել է նախագահը։
Ալիևը հիշեցրել է, որ դեռ պատերազմի ժամանակ հայտարարել էր՝ անհրաժեշտ է վրեժ լուծել մարտի դաշտում։
«Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար։ Փաստորեն, սա վիրավորանք էր ոչ միայն մեզ՝ մեր ժողովրդի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա, և մենք դա չենք մոռանա»,- ասել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ղարաբաղում ոչինչ չի կառուցել՝ բացառությամբ իր ղեկավարների համար նախատեսված առանձնատների ու ապարանքների։
Նրա խոսքով՝ վերջին չորսից հինգ տարում Ադրբեջանն ամբողջությամբ փոխել է ազատագրված՝ շուրջ տասնհինգ հազար քառակուսի կիլոմետր տարածքների տեսքը։




















