top of page

Մարզերի բնակիչների համար երթևեկության սահմանափակումներ կիրառելը կարող է վատ հետևանքներ ունենալ հենց ՔՊ-ի համար. Իզաբելլա Աբգարյան

4 minutes ago
2 min read

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ մարզային տրանսպորտի մուտքը մայրաքաղաք սահմանափակելու վերաբերյալ հայտարարությունը բուռն  քննարկումների և քննադատությունների պատճառ է դարձել։

Ըստ Ավինյանի՝  մարզային տրանսպորտը  նպաստում է Երևանի փողոցների ծանրաբեռնվածությանը, խցանումներին։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն առաջարկում է խնդիրը լուծել ոչ թե սահմանափակումների, այլ կարգավորումների  կիրառմամբ։

Զրույցում Աբգարյանը նշեց.

«Նիստի օրն արդեն իսկ հանդես եմ եկել առաջարկով՝ ընդգծելով, որ Երևանում թե՛ խցանումները, թե՛ տրանսպորտի ծանրաբեռնվածությունն ունեն իրենց ժամերը։ Հետևաբար, խնդիրը պետք է լուծել՝ աշխատելով կոնկրետ ժամային հատվածներում տրանսպորտն ու երթևեկությունը բեռնաթափելու ուղղությամբ։

Որպես տարբերակ ես առաջարկեցի մի մեթոդ, որն ընդունված է տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում՝ ոչ միայն մասնավոր, այլև պետական համակարգում։ Խոսքը ճկուն աշխատաժամանակի մասին է․ կարող են լինել տարբեր գրաֆիկներ՝ 8-ից 5-ը, 10-ից 7-ը և այլն։ Եվ սա ընդամենը տարբերակներից մեկն է»։

Ավագանու անդամի խոսքով՝ կան այլ լուծումներ ևս։

«Օրինակ՝ կարող ենք վերցնել Փարիզի փորձը։ Այնտեղ, երբ տրանսպորտի գինը բարձրացավ, միաժամանակ 50 տոկոսով նվազեցրին մարզերից Փարիզ եկող հասարակական տրանսպորտի արժեքը, որպեսզի մարդիկ մեքենայով չմտնեն Փարիզ, այլ օգտվեն գնացքից կամ ավտոբուսից։

Բայց այստեղ խնդիր է առաջանում, քանի որ մենք չունենք մարզերը Երևանի հետ կապող որակյալ հասարակական տրանսպորտ, որը կաշխատի արագ և բավարար հաճախականությամբ։

 Ես չեմ կարծում, որ եթե հարցը հասնում է մարզերին, դրա լուծումը միայն քաղաքապետարանի տիրույթում է։ Տարածքային կառավարման նախարարությունը նույնպես պետք է ներգրավված լինի և վերահսկի գործընթացը։

Հակառակ դեպքում մենք կարող ենք ստանալ մի իրավիճակ, երբ մարզերն էլ իրենց հերթին  որոշակի միջոցներ ձեռնարկեն Երևանի մեքենաների նկատմամբ՝ ասելով, որ մեքենաները աղտոտում են օդը, մաշում են ասֆալտը և այլն։ Սա կարող է դառնալ շատ վատ գործընթացի սկիզբ։

Այնինչ խնդիրը լուծելու բազմաթիվ կարգավորիչ գործիքներ կան՝ դպրոցների, համալսարանների, մանկապարտեզների, պետական աշխատողների աշխատանքային ժամերի փոփոխություն և այլն։ Կարելի է փորձել այս տարբերակները և տեսնել, թե որքանով, քանի տոկոսով է հնարավոր փոխել իրավիճակը»։

Կընդունի՞ այս առաջարկները քաղաքապետը, թե՞ ոչ, Իզաբելլա Աբգարյանը չգիտի, սակայն կարծում է,  որ նրանց թիմում էլ շատ լավ հասկանում են, որ մարզերի բնակիչների համար միանգամից արգելափակումներ ստեղծելը կարող է հենց իրենց համար շատ վատ հետևանքներ ունենալ։

1/3609
bottom of page