top of page

Միքայել Սրբազանին, ի վերջո, կթույլատրե՞ն մասնակցել պատարագների

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read


Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբանների կողմից ներակայացված խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով, ինչը ենթադրում է, որ արգելված է հյուրեր ընդունելը, հեռախոսային խոսակցությունները, նամակագրություն կատարելը ու պատարագների մասնակցելը։ 

Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի։

Հասկանալու համար, թե ո՞րն է պատճառը, որ Սրբազան հորն արգելում են մասնակցել  պատարագների, փաստաբան Մարինե Ֆարմանյանի ասաց, որը մեզ տեղեկացրեց, որ այդ մասով որոշումը դատարանը ներկայացնելու է հաջորդ դատական նիստին։ 

«Դատական կազմը հայտարարեց, թե տնային կալանքի պայմաններում պատարագների մասնակցել չի  նախատեսվում, և որոշվեց, որ նախ պետք է ուսումնասիրել դատական պրակտիկան և ի վերջո որոշում կայացնել»,- ասաց Մարինե Ֆարմանյանը։

Նշենք, որ նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի առողջական վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը և վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Արքեպիսկոպոսն ունի առողջական խնդիրներ և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ, այլ՝ ճնշում խոսքի ազատության նկատմամբ։

1/3149
bottom of page