top of page

Մենք օդում կախված ենք, գազ չունենք, գրավոր դիմումները մնացել են անպատասխան. «Կոմիտաս պարկի» բնակիչները դժգոհ են կառուցապատողից

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

«Կոմիտաս պարկի» բազմաթիվ բնակիչներ այսօր՝ փետրվարի 7-ին, բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի շրջանակներում ներկայացնում են իրենց դժգոհությունները կառուցապատողից և թաղամասում առկա խնդիրները:

Կառուցապատողը ժամկետներ է խախտել՝ բնակարանները հանձնելու մասով, բացի դրանից՝ մենք օդում կախված ենք, դեռ գազ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կոմիտաս Պարկի» բնակիչներից մեկը, ով նոր է տեղափոխվել շենքում բնակվելու:

«Մեր շենքերը պետք է հանձնվեին 2023 թվականի դեկտեմբերին, համակերպվեցինք, 2 տարի անցավ, նոր հանձնեցին: Հիմա սկսել ենք վերանորոգումը, շատ մարդիկ արդեն բնակվում են այստեղ, բայց գազ չունենք, որը բավականին լուրջ խնդիր է, մարդիկ ձմեռը հազիվ անցկացրեցին: Մեզ ասացին, որ դեկտեմբերի վերջ գազ կլինի, հետո հետաձգեցին, ասացին՝ հունվարին: Մենք կանգնած ենք այն փաստի առջև, որ ոչ մի գործ չի արվել, ի վիճակի չենք մտնելու ու բնակվելու: Կառուցապատողը պետք է գումար վճարի, որ գործը առաջ գնա, բայց չի վճարում»,- նշեց բնակիչներից մեկը:

Նորակառույց շենքի մեկ այլ բնակիչ ևս բողոքով հանդես եկավ՝ նշելով, որ համալիրը ունի ավարտական ակտ, բայց շահագործման ակտ դեռ առկա չէ:

«Մարդիկ չունեն սեփականության վկայաններ, որոնք ևս անհարմարություն են ստեղծում շատերի համար: Ունենք նկարներ, որ բնակիչների տանը կոյուղին սառցակալել է ու պայթել, արդյունքում՝ ամբողջությամբ լցվել է մարդկանց վերանորոգված բնակարանները»:

Բնակչի խոսքով՝ բնակիչների մի մասը, բնակարանները ձեռք են բերել պետական ծրագրով, դա նշանակում է, որ կողմ է հանդիսանում նաև պետությունը: Իրենք գրավոր դիմում են ուղարկել համապատասխան մարմիններին, վարչապետի աշխատակազմին, սակայն գրությունները մինչ օրս մնացել են անպատասխան:

«Մենք փորձել ենք նաև կառուցապատողի հետ հանդիպել, դեռևս նոյեմբեր ամսին խոստացել են 4-5 օրյա ժամկետում որոշ պարզաբանումներ անել, բայց մինչև հիմա չեն պատասխանել: Եռակողմ հանդիպում ենք խնդրել, սակայն կառուցապատողը մերժել է ու չի մասնակցել հանդիպմանը՝ հավաստիացնելով, որ մինչև հունվարի 31-ը լուծում կտրվի, բայց ինչպես տեսնում ենք, լուծում չկա»,- նշեց բնակիչը:

1/3149
bottom of page