Ահազանգ. Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր կան. ՆԳՆ-ից մանրամասնել են

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր կան։ Մեկնած մարտական հաշվարկի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում օձ չի հայտնաբերվել։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։ Աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։




















