Եթե հարձակվի ՌԴ-ի վրա, այլ պատերազմ կլինի, և շատ կարճ կտևի․ Լավրովը նախազգուշացնում է

Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա, սակայն եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման դեպքում «դա բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կտևի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է Եվրոպայի վրա հարձակվելու ծրագրերի բացակայության մասին։
«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։ Նախագահը վերջերս կրկին մանրամասն անդրադարձավ այս թեմային՝ ընդգծելով, որ մենք դրանով զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունենք։ Սակայն եթե Եվրոպան, որն ամեն օր խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին, հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, ապա դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կտևի։ Հուսով եմ՝ այս նախազգուշացումը լսել են եվրոպական մայրաքաղաքներում և այն կառույցներում, որոնք այժմ փորձում են իրենցից միասնական Եվրոպա ներկայացնել»,- ասել է Լավրովը։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում արևմտյան ռազմական զորակազմերի տեղակայումը կդիտարկվի որպես Եվրոպայի կողմից «Ռուսաստանին ուղղակի պատերազմ հայտարարելը»։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «բարձրաձայն քննարկում են» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերահսկողության տակ գտնվող տարածքում «որոշակի մոբիլիզացիոն ուժեր» տեղակայելու ծրագրերը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մեկնաբանել է այս մտահղացումը․ դա կնշանակի Եվրոպայի կողմից արդեն ուղղակի, ոչ թե հիբրիդային պատերազմ հայտարարել», - ընդգծել է նախարարը։




















