top of page

Մեր համեստ անձերից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի. Հովիկ Աղազարյանն առաջարկ ունի

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 3, 2025
  • 2 min read


Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենն իրականացնել, թե՝ ոչ, ըստ նրա, ժամանակը ցույց կտա։

«Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք։ Դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր համեստ անձերից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի 2026 թվականին, քանի որ կարծում ենք՝ դա մեր պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ կկանգենցնի»,- զրույցում ասաց Աղազարյանը։

Նրա խոսքով՝ շուտով կսկսվի նախընտրական տարին և իրենք իրենց տեսակետներն ու անելիքները կհայտնեն. «Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված»։

Հարցին՝ այս ընթացքում այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ ունեցե՞լ են, պատգամավորը նշեց. «Քննարկումներ ու հանդիպումներ ունենում ենք։ Կոնկրետ մենք ունենք մեր բանաձևը՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ Եթե մեզ հաջողվի ընդդիմադիր դաշտին բերել այս բանաձևին, ապա, մեր խորին համոզմամբ, կարող ենք ասել, որ հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Այս պահին շրջանառվում է երկու գաղափար, որոնցից մեկն Էդմոն Մարուքյանի գաղափարն է՝ առավել կոնսոլիդացված ուժի շուրջ համախմբում։

Իսկ մյուս գաղափարը տարբեր ձևերով առաջ է քաշում ՀԱԿ-ը, մասնավորապես Լևոն Զուրաբյանը և մենք։

Զուրաբյանն ասում է, որ առանց ընդհանրական մոտեցման հնարավոր չի լինի պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ»։

Աղազարյանը պնդում է՝ ընդդիմությունն ընտրութFյուններին պետք է գնա ճակատով. «Մեր գաղափարն ու պարոն Զուրաբյանի գաղափարը, ըստ էության, նույնն է։ Մենք ասում ենք, որ պետք է ստեղծվի մի քանի խոշոր դաշինքն՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, ՀԱԿ, ԴՈԿ, Գագիկ Ծառուկյան, և այդ դաշինքները քաղաքական պայմանագիր ստորագրեն, որ իրենք ընտրություններին գնում են ճակատով, ընտրողներին ասեն՝ ձեր ձայնը տվեք այս ճակատից որևէ մեկին, ում ուզում եք։Եվ եթե այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, ընտրություններից առաջ որոշի այս կամ այն ուժին դուրս հանել ընտրապայքարից, ապա այդ ուժը իր համակիրներին կոչ կանի, որպեսզի ձայն տան ճակատի մյուս անդամներին։ Հաստատ Նիկոլ Փաշինյանը այն ուժից, որից վտանգ է զգում, տարբերակ է գտնելու այն չեզոքացնելու, և դա առաջին հերթին վերաբերելու է «Մեր ձևով» շարժմանը, քանի որ այսօր մեծ ուժ դառնալու հավանականություն իրենք ունեն։

 Ըստ Աղազարյանի՝ ընդդիմությունը պետք է միանա մեկ գաղափարի շուրջ՝ թույլ չտալու Փաշինյանի վերարտադրությունը։

bottom of page