Ալիևի հայտարարությունները բաց սպառնալիք են ՀՀ ինքնիշխանությանը. Գոհար Մելոյան
- Lilit

- 2d
- 1 min read

Երբ հակառակորդ պետությանն ասում ես հարևան պետություն ու գնում ես այդ պետության հետ խաղաղության, իսկ այդ պետության ղեկավարն իրեն թույլ է տալիս քո ինքնիշխան երկրի տարածքները, որոնք երբեք վիճարկելի չեն եղել, անվանել ադրբեջանական տեղանուններով, դա բացահայտ սպառնալիք է ՀՀ ինքնիշխանությանը և գալիս է պնդելու, որ այդ խաղաղության օրակարգը սին է ու դատարկ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Ըստ սահմանադրագետի՝ դա բացառապես շահարկվում է մեր հասարակությանը մոլորեցնելու ու մանիպուլացնելու նպատակով։
Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը քաղաքական ու պետական բարձր մակարդակով իրականացնում է «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման օրակարգ, որով ըստ նրանց, Երևանն էլ է իրենց կազմում, այդ նույն զուգահեռ իրականության պայմաններում ՀՀ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում խաղաղության քարոզ անել մեր հանրության շրջանում, տանել միակողմանի զիջման քաղաքականություն և մեր հանրության մարտական ոգին կոտրելու ուղղությամբ. «Ադրբեջանն ուղղակի խախտում է օգոստոսի 8-ի հռչակագիրն ու դրանից հետո նախաստորագրված խաղաղության պայմանագիրը: Փաշինյանը՝ որպես վարչապետ, պարտավոր է այս պահից ի վեր ամբողջ աշխարհով բարձրաձայնել ու հասնել նրան, որ միջազգային հանրությունը պարտավորեցնի Ալիևին բացատրություն տալ ու հետ կանգնել իր այս հայտարարություններից»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է` «20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն: Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը: Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ»:




















