Փաշինյանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար․ Զատուլինի կոշտ հայտարարությունը

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են երկու կողմերն էլ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, հաղորդում է «Московский комсомолец»-ը։
«Ես բազմիցս քննադատել եմ Հայաստանի նկատմամբ մեր գործողությունները կամ անգործությունը, հատկապես՝ 2020 թվականի իրադարձությունների առնչությամբ, և մինչ օրս կարծում եմ, որ մենք չօգտագործեցինք բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստին և պատմական հողերից հայ բնակչության համատարած ելքին», -նշել է պատգամավորը։
Ինձ համար սա անձնական ողբերգություն է թեկուզ այն պատճառով, որ իմ ընկերներն ու գործընկերները, որոնք, ըստ էության, գերեվարվել են, այսօր բանտերում են և դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից»։ Այնուամենայնիվ, սա հիմք չէ համարելու, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարապես կրում են և՛ հայկական, և՛ ռուսական կողմերը։ Որովհետև Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայիս քաղաքական ուղեգիծը որդեգրել է ոչ պատահաբար և ոչ էլ 2020 թվականի իրադարձությունների ազդեցության տակ։ Սա մի քաղաքական գործչի գիտակցված ուղին է, որն իր ամբողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային ավելի մոտ որևէ տեղ տեղափոխվելու, ամեն դեպքում՝ Հայաստանի կողմնորոշումը փոխելու, հայկական ամբողջ անցյալից հրաժարվելու ցանկության վրա»,- նշել է Զատուլինը։
Այս ամենի միակ դրական կողմը, պատգամավորի կարծիքով, այն է, որ այսօր Ռուսաստանում բոլոր մակարդակներում՝ թե՛ փորձագիտական, թե՛ պաշտոնական, լիակատար որոշակիություն և հստակություն է ձևավորվել Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների և դրանցից բխող՝ Ռուսաստանի Դաշնության գործողությունների հարցում։
«Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանի Դաշնությանը, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի, օգտվելով արտոնյալ տնտեսական կապերից, ֆինանսավորեն Հայաստանի անցումը մի ճամբարից մյուսը։
Բայց եթե նախկինում՝ մինչև Ուկրաինային և հատուկ ռազմական գործողությանն առնչվող բոլոր իրադարձությունները, մենք կարող էինք համարել, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը նույնը չեն, ապա այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ն մեր հակառակորդն է, թշնամին։
ԵՄ երկրները մրցում են Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս հասցնելու, հնարավորինս շատ մարդ սպանելու, ՌԴ տարածքում հնարավորինս շատ ավերածություններ գործելու իրենց ձգտման մեջ։ Այս իրավիճակում Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու՝ Փաշինյանի և պատգամավորների հնազանդ մեծամասնության ցանկությունը, դրա մասին օրենքի ընդունումը միանգամայն հստակ ցույց են տալիս Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը։ Այն պատրաստվում է անցնել մեր թշնամու ճամբարը և միաժամանակ կառչում է Կանոնադրության ինչ-որ կետերից՝ ասելով, թե իրականում չի կարելի կասեցնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Միությանը, դա փաստաթղթերով նախատեսված չէ։ Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը կարելի՞ է կասեցնել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Զատուլինը Երևանի նման վարքագիծն անվանել է «դավաճանություն ռազմական գործողությունների ժամանակ»։
«Պատկերացնո՞ւմ եք, թե Ռուսաստանում ինչպես է ընկալվում այն փաստը, որ Հայաստանը բարեկամների ճամբարից անցնում է թշնամիների ճամբարը այն պահին, երբ Եվրամիության երկրներն ուկրաինացիների ձեռքով սպանում են մեր մարդկանց։ Մենք պատերազմ ենք վարում։ Մենք պատերազմ ենք վարում և խնդրում ենք, որ այն երկրում, որը դեռ պաշտոնապես մեր դաշնակիցն է, հաշվի առնեն այս հանգամանքը»,- նշել է պատգամավորը։
Զատուլինն ընդգծել է, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ կյանքի կկոչի այն որոշումները, որոնք անհրաժեշտ է համարում սեփական տնտեսության և Եվրասիական Միության զարգացման համար։ Սակայն միաժամանակ ամեն կերպ կզարգացնի նրա հետ մշակութային կապերը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար։
«Խորին ափսոսանքով՝ նա միայնակ չէ պատասխան տալիս, նա պատասխան է տալիս ամբողջ Հայաստանի հետ միասին»,- նշել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը։




















