top of page

«Թուրքիայի դրոշ այրելու օգուտը ո՞րն է». Քրիստինե Վարդանյանի պարզաբանումը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 21
  • 2 min read


Այս տարի կարծում ենք՝ ջահերով երթը ավելի կարևոր է, քան երբևէ եղել է, որովհետև տեղի է ունենում մի պայմաններում, երբ խոշոր հաշվով ցեղասպանության փաստն է կասկածի տակ դրվում, երբ արվում են հայտարարություններ, որոնք երբեք չէինք պատկերացնում, որ հայկական պետության ներկայացուցիչները կարող էին անել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Եերբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզյանը հայտարարում են, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը իրենց քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ: Մենք միշտ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից դուրս բերելու հարցին անդրադառնում ենք այն կոնտեքստում, որ դա խանգարում է Ադրբեջանին, որովհետև այնտեղ կա կետ, որով Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքին սատար կանգնել է պահանջում, բայց Անկախության հռչակագիրը խնդրահարույց է նաև Թուրքիայի համար, որովհետև այնտեղ կա ամրագրված, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:  Այսինքն Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելը միանգամից Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ որեւէ միջոցառում ՀՀ-ում կազմակերպվել է. «Հարց է առաջանում՝ Թուրքիային ոչինչ հղելու, ասելու բան չունե՞նք: Քանի որ պետական որեւէ միջոցառումից առնվազն տեղյակ չենք, կարծում ենք, որ ջահերով երթն է այն տեղը, որտեղ մեր հանրությունը կարող է խոշոր հաշվով արձագանքել այս քաղաքականությանը՝ համաձայն է, թե՞ համաձայն չէ»,-ասաց նա:

Հարցին՝ այս տարի էլ ե՞ն Թուրքիայի դրոշ այրելու, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ հասկացել երբեք մարդկանց, որոնք այդքան սրտացավությամբ են վերաբերվում այս պայմաններում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին։ Դա քաղաքական ակցիա է։ Թուրքիայի պետությունը ձևավորվել է, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հիման վրա ու պահպանել է նույն սիմվոլիկան։ Հիմա դուք պատկերացնում եք Գերմանիան պահպանած լինել ֆաշիստական Գերմանիայի սիմվոլիկան։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում: Ես հիմա հարց եմ տալիս, այս դրոշների նկատմամբ սրտացավությունը արդարացվա՞ծ է, թե՞ արդարացված չի»:

Հարցին՝ դրոշ այրելու օգուտը ո՞րն է, ինչ օգուտ է տալիս դա մեր խնդիրների լուծմանը, նա արձագանքեց. «Իսկ դուք գիտե՞ք մարդ ու քաղաքական ուժ, որ ասում է՝ մենք հարց ենք լուծում Թուրքիայի դրոշ այրելով կամ քաղաքական ակցիա անելով։ Ես չեմ հանդիպել մեկին, ով ասում է, որ քաղաքական ակցիա անելով կամ դիրքորոշում արտահայտելով մենք ուժեղանում ենք, բանակը վերազինում ենք, վերադարձնում ենք կորսվածը, ազատագրում ենք օկուպացված տարածքները: Դա չի խնդիրը, խնդիրը դիրքորոշման արտահայտումն է: Օրինակ ես չեմ կարծում, որ Թուրքիայի ճանաչումից և հատուցումից հետո Հայաստանում ինչ-որ խումբ կամ երիտասարդներ անգամ դրոշ են այրելու: Սա ես ընկալում եմ որպես քաղաքական դիրքորոշման արտահայտում»:

1/2948
bottom of page