«Փաստ». Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման միջոցով շահառուների համար առավել բարենպաստ սոցիալական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: 2025 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար կազմում է 6300000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:




















