ԵԺԿ հավաքին ընդդիմությունը պայքարում էր հայանպաստ բանաձևի դեմ. դա խայտառկություն էր. Խանդանյան
- Lilit
- 2 days ago
- 2 min read
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ հարցին, որը վերջին շաբաթվա ընթացքում լրատվական-քաղաքական դաշտում, նրա խոսքով, դարձել է քննարկումների առարկա:
Խանդանյանի խոսքով՝ բոլորը, անշուշտ, գիտեն՝ ինչ է իսպանական ամոթը, սակայն մեկ այլ բան է իսպանական ամոթը Իսպանիայում:
Նա հիշեցրեց՝ նախորդ շաբաթ իսպանական Վալենսիայում տեղի էր ունենում Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարը, որին Եվրանեսթ խորհրդարանական պատվիրակության կազմում հրավիրված էին մասնակցելու ինքը և պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«ԵԺԿ-ն Հայաստանում ունի երկու ասոցացված դիտորդ անդամներ՝ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, որոնց ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին այդ կոնգրեսին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշում եք՝ այդպիսի քաղաքական գործիչ կար, որը 2013-ին Սերժ Սարգսյանի հիմնական քաղաքական մրցակիցն էր, հետո հանուն Սերժ Սարգսյանի աղոթեց Ծիծեռնակաբերդում Վովա Գասպարյանի հետ, հետո 2017-ին Քոչարյանի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դաշնակիցն էր:
Այդ քաղաքական գործիչը կա և ներկայացնում էր իրենց կուսակցությունը այդ համագումարին»,- հայտնեց Խանդանյանը:
Նրա խոսքով՝ համագումարին մեկնելուց առաջ իրենք իմացել են, որ եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավոր որոշել են Հայաստանի վերաբերյալ բանաձև ներկայացնել համագումարի դատին և որի տեքստին ծանոթացել են մեկնելուց առաջ:
«Բավականին լավ բանաձև էր: Իհարկե, մենք չէինք կարող որևէ կերպ դեմ լինել նման բանաձևի ընդունմանը, մասնավորապես, բանաձևը խոսում էր Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության բնագավառում բարեփոխումների, ԵՄ-ի հետ մերձեցման մասին, ՍԵՊԱ-ի կիրարկման առաջընթացի մասին էր խոսվում, աջակցում էր Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների հաստատմանը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, կոչ էր անում ազատ արձակել գերիներին, նաև խոսվում էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ որպես խաղաղության համար լավ երաշխիքի:
Ահա այսպիսի բանաձև, որը դրական լույսի ներքո էր ներկայացնում ՀՀ-ն, բայց հասնելով Վալենսիա և մասնակցելով կոնգրեսին՝ մեր եվրոպացի գործընկերները տարակուսած մեզ մոտենում և ասում էին՝ ձեր հայ գործընկերները ցանկանում են, որ բանաձևը դուրս բերվի այս համաժողովի օրակարգից:
Ահա այս պահին առաջ է գալիս այդ իսպանական ամոթը: Իսկապես, մենք տարակուսած էինք, որ նույնիսկ այդպիսի հարթակներում Հայաստանի ընդդիմությունը կարող է նման կերպ հանդես տալ»,- տեղեկացրեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այդ քննարկումը, ցավոք, փակ է եղել, և ինքը հնարավորություն չունի ցիտելու՝ ինչեր են խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը և Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ «դա խայտառակություն էր»:
«Նրանք ուղղակիորեն պայքարում էին Հայաստանի Հանրապետության շահերի և Հայաստանի Հանրապետության դեմ»,- հավելեց Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ բանաձևը, այնուամենայնիվ, մտել է ԵԺԿ համագումարի օրակարգ, և հետո գրեթե միաձայն, առանց դեմ քվեարկության, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԵԺԿ-ն ընդունեց այն:
Խանդանյանը հայտնեց՝ եվրոպացի գործընկերներն իրենց հայտնել են, որ հայ գործընկերները մոտեցել և խնդրել են դեմ քվեարկել բանաձևին, սակայն, ըստ երևույթին, չեն կարողացել որևէ մեկին համոզել դեմ քվեարկել:
«Հիմա ամբողջ Հանրապետական կուսակցությունով, Հայկ Մամիջանյանով, Արմեն Աշոտյանով, մերժված Սերժ Սարգսյանով լծվել են այդ բանաձևը դատապարտելու գործընթացին, ասում են՝ այդ բանաձևը գրվել է ՔՊ գրասենյակներում: Շատ տարակուսելի է այդ պնդումը»,- հավելեց Խանդանյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե իրենց հաջողվել է փոխել բանաձևի տեքստը, նկատեց՝ նրանց հաջողվել է փոխել հայտարարության տեքստը՝ հաջողվել է տեքստից դուրս բերել մեկ նախադասություն, որի մեջ ասվում էր, որ ԵԺԿ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
«Սա իսկապես նրանց հաջողվեց»,- ավելացրեց նա՝ հայտնելով, որ նրանց հաջողվել է մի հղում բերել այդ բանաձևի տեքստ, որտեղ եղել է «Արմեն Աշոտյան» բառակապակցությունը:
Խանդանյանի խոսքով՝ մեր ընդդիմադիր հատվածի նման գործելակերպը նույնիսկ արդեն ամոթի հարց չէ, այլ ավելի շատ՝ ազգային անվտանգության:
Հիշեցնենք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ-EPP) կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև էր ընդունել: