Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվում է, ինչը սպառնում է Մոսկվայի ազդեցությանը.The New York Times
- Lilit

- Jul 3
- 3 min read

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են Ռուսաստանում անազատության մեջ գտնվող երկու ազգությամբ ադրբեջանցի եղբայրների մահից հետո։ Միջադեպը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել, որը սպառնում է ավելի թուլացնել Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում, նշում է The New York Times-ում հրապարակված հոդվածում։
Հուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրները մահացել են Եկատերինբուրգում վերջին 25 տարիների ընթացքում կատարված մաֆիոզ սպանությունների շարքի հետաքննության շրջանակում ձերբակալվելուց հետո։ Նրանցից մեկն, ըստ հետաքննության, մահացել է սրտի անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառը պարզվում է։ Ավելի ուշ, պարբերականը հիշեցնում է, որ ձերբակալված ևս վեց ադրբեջանցիների, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ։
Ադրբեջանի իշխանությունները մերժել են ռուսական պաշտոնական տարբերակը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ եղբայրները «խոշտանգումների և դաժան սպանության» զոհ են դարձել և սկսել է սեփական հետաքննությունը։ Բաքվի կառավարամետ լրատվամիջոցները Մոսկվային մեղադրել են այլախոհությունը ճնշելու և տոտալիտար վերահսկողությունը ամրապնդելուն ուղղված «շովինիստական քաղաքականության» մեջ։
«Բաքվի կտրուկ արձագանքը ցույց տվեց Մոսկվայի ազդեցության թուլացումը մի երկրի վրա, որը մինչև վերջերս համարվում էր Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում։ Դեռևս 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ, Մոսկվայի և Բաքվի միջև «դաշնակցային համագործակցության հռչակագիր» ստորագրվեց:
Սակայն այդ ժամանակից ի վեր հարաբերությունները վատթարացել են։ Ռուսաստանը խաղաղապահներին դուրս բերեց Ղարաբաղից՝ այն 2023 թվականին Բաքվի վերահսկողության տակ ամբողջությամբ հանձնելուց հետո։ 2024 թվականի դեկտեմբերին լարվածությունը սրվեց Azerbaijan Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո, որն, ըստ ադրբեջանական կողմի, խոցվել էր ռուսական ՀՕՊ-ի կողմից։ 38 մարդ մահացել է»,- ասված է հոդվածում։
Պարբերականը մեջբերում է Carnegie Russia Eurasia Center-ի վերլուծաբան Զաուր Շիրիևին, որի կարծիքով խնդիրը միայն կոնկրետ միջադեպերի, այլև ռազմավարությունների տարբերությունների մեջ է.
«Ռուսաստանը Ադրբեջանից ուզում է նույնը, ինչ Բելառուսի հետ՝ կախվածություն, հավատարմություն, Մոսկվայի ավագության ճանաչում։ Սակայն Ադրբեջանը դա չի ընդունում։ Նա ցանկանում է հավասար և հարգալից հարաբերություններ բոլորի ՝ և՛ Ռուսաստանի, և՛ դաշնակիցների հետ, ինչպես Թուրքիայի դեպքում է»։
«Ճգնաժամը խորացավ երկուշաբթի, երբ ուժայինները ներխուժեցին Բաքվում գործող ռուսական Sputnik լրատվական գործակալության գրասենյակներ՝ ձերբակալելով դրա գլխավոր խմբագրին և գործադիր տնօրենին՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքով։ Հաջորդ օրը ևս ութ ռուս ձերբակալվեց և մեղադրվեց Իրանից թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի մեջ։ Հրապարակված տեսանյութերում ձերբակալվածները ցուցադրաբար տարվում են գլուխները կախ՝ հատուկ նշանակության ուժերի պահպանության ներքո։
Ադրբեջանը միաժամանակ չեղարկել է ռուս արվեստագետների մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը։ Պետական «Азертадж» լրատվական գործակալությունը Ռուսաստանի ներքին քաղաքականությունը համեմատել է «1930-ականների Գերմանիայի» հետ։
Մինչդեռ, միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները մատնանշում են Ադրբեջանում տեղի ունեցած խախտումները. հունիսին ութ լրագրող դատապարտվել է մինչև 15 տարվա ազատազրկման՝ դավաճանության մեղադրանքով, փակվել են անկախ լրատվամիջոցներ, իսկ մարդու իրավունքների պաշտպանները հայտնում են, որ երկրում կան ավելի քան 370 քաղբանտարկյալներ։
Ադրբեջանի նախկին պետքարտուղար և ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլին նախագահ Իլհամ Ալիևի կառավարումը բնութագրել է որպես «դասական ավտորիտար ռեժիմ՝ քաղաքականության և տնտեսության նկատմամբ լիակատար վերահսկողությամբ»։
«Նա մտադիր չէ կիսել այս իշխանությունը՝ նույնիսկ Պուտինի հետ», - ընդգծել է Քերիմլին։
Աճող լարվածության ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչեց Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին՝ «անբարյացակամ գործողությունների» դեմ բողոքելու համար։ Սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծեց, որ «Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները» կարևոր են Մոսկվայի համար, և որ դրանք խաթարելն «անխոհեմ» քայլ է։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեղադրել է «արտաքին ուժերին» երկու երկրների միջև սեպ խրել փորձելու մեջ՝ հղում անելով Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցին։
«Ուկրաինան ամեն ինչ անում է կրակին յուղ լցնելու և Բաքվին հուզական քայլերի մղելու համար,- ասել է Պեսկովը։ -Ռուսաստանը չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին»։
Չնայած ճգնաժամին, երկու երկրներն էլ կապված են առևտրային և տնտեսական շահերով։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի դերով «հյուսիս-հարավ» նախագծում, որը հնարավորություն է տալիս շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները։ Ռուսաստանում բնակվում է նաև մեծ ադրբեջանական համայնք, իսկ Ադրբեջանից եկած մարդիկ խոշոր ընկերությունների և առևտրի կենտրոնների սեփականատերեր են Մոսկվայում և այլ շրջաններում։
«Այո՛, հարաբերությունները լարված են, բայց երկու կողմերն էլ փորձում են չանցնել սահմանը,- նշել է Շիրիևը։ -Բացի դրանից, Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանը սերտորեն կապված է Թուրքիայի հետ։ Եթե Բաքվի հետ հարաբերությունները փչանան, կարող է հակամարտություն առաջանալ նաև Անկարայի հետ»,- ասված է հոդվածում։




















