ՀԷՑ-ի տնօրինությունից կընդգրկվե՞ն, արդյոք, Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող նոր ուժում
- Lilit
- 1 day ago
- 2 min read

Սամվել Կարապետյանն իր՝ կալանավայրից գրած հերթական բաց նամակում ազդարարեց նոր քաղաքական ուժի մեկնարկի մասին։ Սակայն դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու այդ նոր ուժի առանցքում, ինչպիսի՞ դեմքերի է նա ընդգրկելու, կարճ ասած՝ ովքե՞ր են Կարապետյանի թիմակիցները, որոնք պատրաստվում են նրա հետ քաղաքական ճանապարհ անցնել։
Ենթադրելի է, որ Կարապետյանը թիմ կհավաքի իր հիմնած «Տաշիր գրուպի» կազմում ընդգրկված ընկերությունների ղեկավարներից, աշխատակիցներից, օրինակ՝ նույն ՀԷՑ-ից, որը ուզում են այս իշխանությունները խլել «Տաշիրի» ձեռքից։
ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը MediaHub-ի հետ զրույցում մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքն ընդգրկվի Կարապետյանի կողմից ձևավորվող նոր ուժի կազմում, ասաց․ «Ինչպես Դուք նշեցիք, պարոն Կարապետյանը հայտարարությունն արել է կալանավայրից։ Հաշվի առնելով, որ նա գտնվում է կալանավայրում, ես որևիցե ձևով կապ չեմ ունեցել հետը, և ինքն էլ ինձ հետ այդ թեմայով չի խոսել կամ որևէ առաջարկ չի արվել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել։ Բայց ինքս՝ որպես անձ, երբեք ինձ չեմ պատկերացրել այդ կարգավիճակում, անգամ շատ ժամանակ խուսափել եմ»։
-Մտածում եք՝ տնից մի հոգի՞ պիտի զբաղվի քաղաքականությամբ, և դա Ձեր եղբայրն է։
-Դե․․․ Չմեկնաբանեմ, առանձնապես ոգևորված չեմ նաև դրանով։
-Ի դեպ, ի՞նչ է մտածում Ձեր եղբայրը՝ Արթուր Ղազինյանը, պասիվացել է վերջերս, կարծում եմ՝ շփվում եք իրար հետ, ի՞նչ է մտածում ինքն այս ամենի մասին։
-Ոչ միայն շփվում ենք, կարծում եմ՝ մենք ՀՀ մասշտաբով օրինակելի եղբայրներ ենք ամեն ինչով։ Ճիշտն ասած՝ այդ մասով մեկնաբանություն իր փոխարեն չտամ, եթե հարմար լինի, թող ինքը տա։ Ես, իհարկե, գիտեմ ամեն ինչ էլ, բայց թող ինքը հարմար գտնի՝ ոնց մատուցի։
-Դուք կցանկանայի՞ք իրեն տեսնել Սամվել Կարապետյանի կողմից նոր ձևավորվող քաղաքական ուժի կազմում։
-Հիմա սուբյեկտիվ կարող է հնչել իմ կարծիքը, բայց իմ եղբոր պես մարդիկ, եթե շատ լինեին, հաստատ շատ ավելի լավ կլիներ ամեն ինչ։
-Բայց Ձեր եղբայրն առանձին իր սեփական քաղաքական ուժն էր ձևավորել, բայց հաջողության չհասավ, հիմա էլ պասիվացել է, չի երևում ասպարեզում։
-Դե, հաջողության հասնելը՝ նայած որ առումով, նայած ինչում։ Եթե հաջողության հասնելը իշխանություն վերցնելն է, էդտեղ ինքն էլ իր մտքերը կունենա հաստատ։