Communications Medicine. Արեգակնային փոթորիկները մեծացնում են կանանց մոտ սրտի կաթվածի ռիսկը
- Lilit

- Sep 28
- 1 min read

Բրազիլացի գիտնականները կորելյացիա են հայտնաբերել արեգակնային փոթորիկների, որոնք խախտումներ են առաջացնում Երկրի մագնիսական դաշտում, և սրտի մկանային ինֆարկտի (սրտի կաթվածի) դեպքերի ավելացման միջև, հատկապես կանանց մոտ։
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Communications Medicine ամսագրում։
Ուսումնասիրությունը հիմնված է Սան Պաուլու նահանգի Սան Ժոզե դուս Կամպուս քաղաքի հանրային առողջապահության համակարգի 1998-2005 թվականների տվյալների վրա։ Ընդհանուր առմամբ վերլուծվել է տղամարդկանց 871 և կանանց 469 դեպք։ Հեղինակները դրանք համադրել են Kp-ինդեքսի միջոցով չափված երկրաբանական ակտիվության հետ (նշանակում է Երկրի մագնիսական դաշտի խախտումների աստիճանը)։
Մագնիսական հանգիստ օրերը դասակարգվել են որպես «հանգիստ», չափավոր ակտիվությամբ օրերը՝ որպես «չափավոր», իսկ ուժեղ խախտումներով օրերը՝ որպես «խանգարված»։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ սրտի կաթվածերի բացարձակ թիվն ավելի բարձր է՝ անկախ մագնիսական վիճակից, մինդեռ կանանց համար սրտի կաթվածների հարաբերական հաճախականությունը «խանգարված» օրերին զգալիորեն ավելի մեծ է եղել, հատկապես 31-60 տարիքային խմբում՝ մինչև երեք անգամ ավելի բարձր՝ համեմատած «հանգիստ» օրերի հետ։
Հեղինակներն ընդգծում են, որ սա դիտողական ուսումնասիրություն է, և այն չի ապացուցում պատճառահետևանքային կապ։ Նրանք նշում են սահմանափակումները. աշխատանքը կատարվել է մեկ քաղաքում, համեմատաբար փոքր ընտրանքով, և անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ հայտնաբերված կապը հաստատելու կամ հերքելու համար։
Հետազոտողների կարծիքով, հնարավոր մեխանիզմները ներառում են մագնիսական խախտումների ազդեցությունը զարկերակային ճնշման, սրտի զարկերի հաճախականության և ցիրկադային ռիթմերի (ներքին կենսաբանական «ժամացույց») վրա։ Նրանք նաև նշում են, որ 2025 թվականը բնութագրվում է բարձր արեգակնային ակտիվությամբ, և նման խախտումներն ավելի հաճախ կլինեն։




















