Հակոբ Սերոբյան. Համլետ Մանուկյանի հաղթանակներում մեծ դերակատարում ունի Արթուր Դավթյանը
- Lilit
- Apr 30
- 4 min read
Համլետ Մանուկյանը բոլորիս անակնկալի բերեց իր փայլուն հաղթանակներով: Ինձ համար անսպասելի էր, որ կդառնա գավաթակիր, որովհետեւ սպասելիքներս միայն Արթուր Դավթյանից էին: Աշխարհի գավաթի փուլերում մեր արդյունքներն իմ ծրագրածից ավելի լավ ստացվեցին, ինչի համար շատ ուրախ եմ: Համլետ Մանուկյանը ոչ միայն իրավունք ստացավ մասնակցելու մեծահասակների աշխարհի առաջնությանը, այլ նաեւ մեծ հրավեր ունի:
Այս մասին զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հայաստանի հավաքականը 13 մեդալով ավարտեց պայքարը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը նախորդ գիշեր Երեւան է վերադարձել 9 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով: Աշխարհի գավաթի քառակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը եւ եռակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթակիրներ են:
Պարոն Սերոբյան, շնորհավում եմ աշխարհի գավաթի փուլերում տպավորիչ հաղթանակների եւ 13 մեդալի կապակցությամբ: Ինչպե՞ս եք գնահատում թիմի մասնակցությունն ու արդյունքները 5 փուլերում:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մեր սպասելիքներն արդարացվեցին: Այն, ինչ պլանավորել էի, ավելի լավ ստացվեց: Սպասում էինք, որ միայն Արթուր Դավթյանը կդառնա գավաթակիր: Համլետ Մանուկյանի հետ փորձարկումներ էինք անում, օղակներում մեր հնարավորությունները գիտեինք: Գավաթակիր դառնալու ամենամեծ հնարավորությունն Արթուր Դավթյանինն էր, բայց Համլետ Մանուկյանը բոլորիս անակնկալի բերեց իր փայլուն հաղթանակներով: Ինձ համար էլ էր անսպասելի, որ Համլետ Մանուկյանը երեք փուլ անընդմեջ կդառնա ոսկե մեդալակիր եւ վերջում կդառնա գավաթակիր: Ստացվում է, որ իմ ծրագրածից ավելի լավ ստացվեցին մեր արդյունքները, ինչի համար շատ գոհ եմ:
Աշխարհի գավաթի փուլերը 6-ն էին, որից մասնակցեցիք 5-ին: Համլետ Մանուկյանը երեք ոսկե մեդալների արդյունքում դարձավ գավաթակիր: Ինչպե՞ս ստացվեց:
Համլետը հաղթեց միավորներով: 6 փուլերից 4-ի լավագույն արդյունքներով են հաշվում միավորները: Այնպես ստացվեց, որ նա մասնակցեց 4-ին եւ այս պայքարում գերազանցեց նժույգ թափեր վարժության օլիմպիական փոխչեմպիոն ղազախ մարմնամարզիկին: Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալով 6 փուլերի հանրագումարում ամենաբարձր միավորներով դարձավ գավաթակիր:
Այս միավորներով մարմնամարզիկները աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ստացա՞ն:
Մեր բոլոր մեդալակիրներն իրավունք ձեռք բերեցին մասնակցելու աշխարհի առաջնությանը: 3 անգամ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալն արդեն իրավունք է տալիս մասնակցել աշխարհի առաջնությանը: Համլետ Մանուկյանը ոչ միայն իրավունք ստացավ մասնակցել մեծահասակների աշխարհի առաջնությանը, այլ նաեւ մեծ հրավեր ունի: Բոլորը ցանկանում են նրան տեսնել մեծերի աշխարհի առաջնության պայքարում: Համլետին շատ են երկրպագում: Կահիրեում միջազգային ֆեդերացիայի լրագրող-մեկնաբանները, Արթուր Դավթյանի եւ Համլետ Մանուկյանի անունը լսելիս ոտքի կանգնեցին: Այդ պահը որսացի, երբ զուգահեռ նաեւ մեկնաբանում էին: Համլետ Մանուկյանից շատ տպավորված են:
Կահիերում Ձեր գլխավորած թիմը 3 ոսկե մեդալ նվաճեց: Ինչպիսի՞ն էր մրցակցությունը:
Անկեղծ կլինեմ՝ Կահիրեի աշխարհի գավաթի փուլը մեկ տոկոսով էր զիջում մեծահասակների աշխարհի առաջնությանը: Նժույգ թափերում շատ մեծ մրցակցություն կար, շատ ուժեղ մարմնամարզիկներ էին մասնակցում, միավորները շատ բարձր էին, միմյանց մոտ. իրար հետեւից գնում էին: Այդ պայքարում Համլետն ամենաբարձր միավրոներն ստացավ: Շատ ուրախ եմ այդ առիթով:
Համլետ Մանուկյանի եզրափակիչին հետեւում էիք տրիբունայից եւ սովորականից ավելի լարված էիք: Ինչո՞վ էր պայմանավորված:
Համլետը երիտասարդ է, թոռնիկս է (ծիծաղում է): Լարված էի այն մտքից, թե ինչպես նա կդիմանա նյարդերի պայքարին: Եզրափակիչում մեկնարկի դուրս եկավ 7-րդը ու մեծերի հետ պայքարում մինչեւ իր մասնակցությունը տեսավ շատ բարձր միավորներ, որոնք իր, բոլորիս համար անհասանելի էին թվում: Մտածում էի՝ կարո՞ղ է, թե՞ ոչ, կդիմանա՞ այդ լարվածությանը եւ միավորները տեսնելուց հետո կկարողանա՞ անել իր վարժությունը մաքուր: Համլետը փոքր է ու դիմացավ: Օլիմպիական փոխչեմպիոն ղազախ մարմնամարզիկը, երբ տեսնում է իրենից առաջ բարձր միավորներ են լինում, լարվածությունից այլեւս չի կարողանում վարժությունն անել: Կահիրեում էլ այդպես եղավ, չարեց: Համլետի հաղթանակներում մեծ դերակատարում ունի Արթուր Դավթյանը: Նա Համլետի կողքն է, շատ է աջակցում, իր ներկայությամբ արդեն վստահություն է տալիս: Ես տրիբունայից էի հետեւում, որպեսզի կարողանայի հուշել: Ներքեւում չէի կարող, իրավունք չունեմ, կորակազրկեն:
Վահագն Դավթյանը Դոհայում արծաթե մեդալակիր դարձավ, Կահիրեում 7-րդն էր: Ի՞նչը չբավականացրեց:
Այս տեմպին, իրար հաջորդող մրցաշարերին չկարողացավ դիմանալ: Մյուս աշխարհի գավաթներին այսպես չի գա: Վահագնը տարիքով մեծ է, ունի աշխատանք սպորտից դուրս, համատեղում է: Այս ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Այդքան չվերթները, իրար հաջորդող մարզումներն ու մրցաշարերը շատ ծանր էին բոլորիս համար: Վահագն Դավթյանի պարագայում հասկանալի է, 37 տարեկան է, դժվար է:
Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը սպասվա՞ծ էր:
Ինձ շատ ուրախացրեց նաեւ Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը: Իսկապես, շատ սպասված հաղթանակ էր, մեդալ: Նրան շատ պետք էր այս մեդալը: Նա շատ լավ մարզիկ է, իր կատարումները գեղեցիկ են, մաքուր: Արդեն պետք էր, որ նա վերջապես ոսկե մեդալ նվաճի: Արժանի հաղթանակ էր: Այժմ այդպիսի լավ մասնակցություն սպասում եմ Եվրոպայի առաջնությունում:
Մամիկոն Խաչատրյանն ուժերը փորձեց միայն երկու փուլում: Գո՞հ եք նրա մասնակցությունից:
Մամիկոնն անում է, լիարժեք տիրապետում է իր վարժությանը, ուղղակի կատարման մեջ թերություններ ունի, որոնց վրա պետք է աշխատենք: Մարզումներին մի քիչ կծկվում է, բայց չի վախենում: Գագիկ Խաչիկյանը մրցահարթակում չի կարողանում իր վախը հաղթահարել: Մարզումներին շատ լավ անում է, մրցահարթակում ոչինչ չի անում: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը: Նա ոչ մի մրցման չի արել այն, ինչ կարողանում է: Ես Գագիկի հնարավորությունները լավ գիտեմ: Ունի, բայց չի անում:
Փարիզի Օլիմպիական խաղերից հետո Արթուր Դավթյանի ցատկերում ի՞նչ փոփոխություն եք տեսնում:
Վստահություն եմ տեսնում: Այստեղ, իհարկե, գործիքները մեծ կապ ունեն, բայց ավելի վստահ է ցատկում, ավելի կատարելագործված է, առաջ է գնացել: Օլիմպիական խաղերից հետո Արթուրը ցատկերն ավելի լավ է անում: Կանոնադրություն է փոխվել, երբ ցատկելիս քայլ չեն անում, 1.00 ավել են գնահատում: Արթուրն ուզում է օգտվել այդ հնարավորությունից եւ քայլ չանել: Աշխարհի գավաթի փուլերում մի քանի անգամ ստացվեց եւ շատ բարձր միավորներ ստացավ: Արթուրը Կոտբուսի առաջին փուլում շատ լավ մասնակցեց՝ 14.900, որն առաջվա 15.300 միավորն է: Այժմ 4.00 իջեցրել են բոլոր ցատկերը: Աշխարհում այս նոր կանոնադրությամբ դեռ ոչ մեկ 14.900 միավոր չի վաստակել երկու ցատկերի արդյունքում:
Եվրոպայի առաջնությանը մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել: Ովքե՞ր են մասնակցելու եւ ի՞նչ ծրագրով կպատրաստվեք:
Եվրոպայի առաջնության կազմն արդեն որոշված է: 6 մարմնամարզիկով ենք մասնակցելու՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան եւ Գագիկ Խաչիկյան: Առաջնությանը կպատրաստվենք Գերմանիայում՝ Բեռլինում, որտեղ մայիսի 12-ից համատեղ հավաք ենք անցնելու իրենց հավաքականի հետ: Բեռլինից կմեկնենք Լայպցիգ, որտեղ էլ մայիսի 26-31-ը կանցկավի Եվրոպայի առաջնությունը: