top of page

Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» բոլորը ողջունում են ու պատրաստվում Սյունիքում պատերազմի, բացի Հայաստանից

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 11
  • 2 min read
ree


Ցանկացած «խաղաղության պայմանագիր» իրական խաղաղության կամ նոր պատերազմի է հանգեցնում, կախված նրանում առկա ոչ թե գեղեցիկ բառերից, այլ իրական նկատակներից։Խաղաղության կարող է հանգեցնել, եթե՝

1․ Պայմանագրին նախորդած բանակցություններն ընթանում են իրավահավասարության ու փոխադարձ շահերի հարգման սկզբունքով։Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ողջ «բանակցային» գործընթացի հիմքում եղել է շանտաժը՝ Ադրբեջանի, սպառնալիքը՝ Թուրքիայի ու կապիտուլացվածի հոգեբանությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։

2․ Եթե հակամարտող կողմերն իրոք ձգտում են խաղաղության։Ալիևի մոտ նման ցանկություն չկա, նա բազմիցս է հայտարարել, որ խաղաղությունը պետք է Հայաստանին, իսկ իրենք իրականում դրա կարիքը չունեն։

3․ Եթե պայմանագիրը չի ստորացնում կողմերից որևէ մեկին։Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր նրա, որ առաջին hամաշխարհային պատերազմի ավարտին հարցերը ոչ թե կարգավորվեցին, այլ սառեցվեցին ու կողմերից առնվազն մեկի՝ Գերմանիայի համար չապահովեց արժանապատիվ խաղաղություն։

Նոր պատերազմի դուռ է բացում, եթե՝1․ Եթե կողմերից առնվազն մեկը գնում է ոչ թե խնդիրների լուծման, այլ վերացման ճանապարհով։Չի կարող լինել հայ-ադրբեջանական բարիդրացիական հարաբերություններ այն դեպքում, երբ Ադրբեջանը նախքան բանակցությունները դիմեց էթնիկ զտումների Արցախում։ Այսինքն` Ադրբեջանը հայերի հետ հաշտ ապրելու բանաձևը դիտարկում է «չկա մարդ, չկա պրոբլեմ» շրջանակներում։

2․ Եթե կողմերից առնվազն մեկը չի հրաժարվում իր ոչ մի պահանջից։Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունից ու ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալուց», ընդ որում, առանց փոխադարձ հնարավորության ընձեռման ու անվտանգության երաշխիքների ապահովման։ Ալիևը երբեք չի խոսում, որ արցախցիները կարող են վերադառնալ իրենց տներ, կամ այն հայերի վերադարձի մասին Բաքու ու Սումգայիթ, որոնց հայրերն ապրել են այնտեղ նախքան բռնի տեղահանվելն ու սպանվելը։ Այսինքն, Ալիևի համար նման հարց օրակարգում չկա։

3․ Եթե նույնիսկ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո շարունակվում է միակողմանի զիջումների գնալու տրամաբանությունը։Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս իրենց վերահսկողության տակ ունեն տարածքներ, որոնք իրենց չեն պատկանում։ Մինչդեռ Ալիևը ոչ մի բառով չի ակնարկում որևէ տարածքի մասին, որը պատրաստ է վերադարձնել Հայաստանին։

4․ Եթե կողմերից առնվազն մեկը օկուպացրել է մյուսի տարածքները ու փաստաթղթերի ստորագրման պահին զորքերի հետ քաշման մասին նույնիսկ տեսական քննարկում չի լինում։Ադրբեջանը ո՛չ նախքան վաշինգտոնյան հանդիպումը, ո՛չ էլ դրանից հետո որևէ բառով չի հայտնել, որ պատրաստակամ է զորքերը հետ քաշել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից։

5․ Եթե կողմերից մեկը շարունակում է իր բանտերում պահել ռազմագերիներին և պատանդներին ու շարունակում կեղծ դատավարությունը։Թրամփի հայտարարությունը, որ ես Ալիևին կասեմ, որ բաց թողնի Բաքվում պահվող հայերին, որևէ փաստաթղթով չհիմնավորված ու ընդամենը պոպուլիստական հայտարարություն է՝ նման «հարցերի դեպքում կարող են զանգել ինձ» տափակաբանությանը։

6․ Եթե կողմերից առնվազն մեկը պետական մակարդակով համարում է, որ մյուս կողմը պարզապես գոյություն չունի ու վերջինիս ընդհուպ մայրաքաղաքը՝ պատկանում է իրենց։Ադրբեջանում շարունակվում է բարձր մակարդակով գեներացվել «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը, համաձայն որի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Երևանը՝ ադրբեջանական օկուպացված տարածքներ են։

7․ Եթե գործընթացները գնում են տարածաշրջանում շահագրգիռ կողմերի շահերի հակադրման ճանապարհով։«Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը տարածաշրջանը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման ու մեծ է հավանականությունը, որ հաջորդ պատերազմը կլինի Սյունիքում, որում իրենց մասնակցությունը կունենան ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Իսրայելը։ Հատկապես, որ փոխվել է Իրանի հռետորաբանությունը. եթե նախկինում Իրանը հայտարարում էր, որ չի հանդուրժի սահմանային փոփոխություններ, ապա այսօր Իրանի կողմից շրջանառվում է ուժի կիրառման հնարավորությունը։Սցենարի նման զարգացման պարագայում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» կբերի Սյունիքի կորստին։

Այնպես որ, կարևորը ոչ թե այս կամ այն փաստաթղթում ամրագրված կետերն են, այլ դրանց իրական մոտիվները, որովհետև յուրաքանչյուր փաստաթուղթ ինքնին ընդամենը թղթի կտոր է ու սոսկ բաժակաճառ, եթե դրանում բացակայում են մատնանշված նպատակներին հասնելու հիմքերը։

bottom of page