«Եթե կա ներքին որոշում, ինչու՞ ներմուծողներին չեք տեղեկացրել». Ավտոներկրողները խնդրի առաջ են կանգնել
- 2 hours ago
- 1 min read

Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները, հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։
Մինչդեռ նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու՞ նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։
Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։
ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»,- նշում է Դանիելյանը։




















