«Rolex»-ից մինչև 50 մլն դրամի գյուղմթերքի վաճառք․ ի՞նչ են հայտարարագրել Մեծամորի ավագանու թեկնածուները. Hetq.am

2026թ.-ի նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչները կընտրեն նոր ավագանի։ Ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Հայտարարագրերի ուսումնասիրությամբ կտեսնենք, թե ինչ տարբերություններ կան երկու ուժերի թեկնածուների եկամուտների, դրամական միջոցների և ունեցվածքի միջև։
ՔՊ-ի ցուցակում 62 թեկնածու կա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը։ Նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2025թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 մլն 527 հազ. դրամ եկամուտ՝ ամբողջությամբ աշխատավարձի տեսքով։
2026թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ Արշակյանը կանխիկ ունեցել է 15 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշվին՝ 613 հազ. դրամ։
Նա անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում կառուցվող շենքից 66 քմ բնակարանի գնման իրավունք։ Ունի նաև 1991թ. արտադրության «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։
ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է, որը մինչև մարզպետ նշանակվելը Մեծամորի համայնքապետն էր։
Վերջին մեկ տարվա ընթացքում Խաչատրյանը հայտարարագրել է 29 մլն 740 հազ. դրամ եկամուտ։ Դրանից 25 մլն 516 հազ. դրամը աշխատավարձն է, իսկ 4 մլն 224 հազ. դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 316 հազ. դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար և 78,5 հազ. եվրո։
Ընտրապայքարին մասնակցող թեկնածուներից թանկարժեք գույք հայտարարագրել է միայն Վահրամ Խաչատրյանը։ Մասնավորապես, նա ունի 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 33 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ «Rolex» ժամացույց, որոնք նվեր է ստացել մերձավորներից:
Խաչատրյանը հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք և նույնքան անշարժ գույքի գնման իրավունք։ Մեծամոր համայնքի Նորապատ գյուղում ունի ավտոտնակ և երկու գյուղատնտեսական արտադրական շինություն։ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, ունի 118.5 քմ բնակարանի և 18.6 ու 17.8 քմ մակերեսներով երկու ավտոկայանատեղիների գնման իրավունք։
Նրա անունով գրանցված է նաև երկու մարդատար ավտոմեքենա՝ 2003թ. արտադրության «CITROEN BERLINGO 1.4» և 2018թ. արտադրության «PORSCHE MACAN S TURBO 3.0»։
ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը Մեծամորի համայնքապետարանի աշխատակից, կուսակցության գործավար Սյուզաննա Ավոյանն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրա հայտարարագրած միակ եկամուտը համայնքապետարանից ստացած 1 մլն 332 հազ. դրամ աշխատավարձն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլն 612 հազ. դրամ, ինչպես նաև 1 մլն դրամ ավանդ։
Ավոյանը հայտարարագրել է վեց միավոր անշարժ գույք՝ Մեծամորում գտնվող յուրաքանչյուրը 62 քմ մակերեսով երեք բնակարան, Արարատի մարզի Այգավան գյուղում՝ 80 քմ մակերեսով բնակելի տուն և 5000-ական քմ մակերեսով երկու հողատարածք։
ՀՅԴ-ի ցուցակում 18 թեկնածու է
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեծամորի ավագանու անդամ, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի նախկին ղեկավար Արամայիս Մխիթարյանը։
Նրա հայտարարագրած միակ եկամուտը գյուղմթերքի իրացումից ստացած 24 մլն դրամն է։ Հայտարարագրել է նաև 3 մլն դրամ դրամական միջոց։
Մխիթարյանն ունի յոթ միավոր անշարժ գույք՝ ընդհանուր մոտ 4.5 հա մակերեսով վեց հողամաս և 1590 քմ մակերեսով անասնաշենք։ Հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ 1997թ. արտադրության «Mitsubishi Montero Sport» և 2004թ. արտադրության «GAZ 31»։
ՀՅԴ-ի ցուցակի երկրորդ համարը Հայկական ատոմային էլեկտրակայանում վարպետ աշխատող Տիգրան Խաչատրյանն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրա միակ եկամուտը եղել է 4 մլն 691 հազ. դրամ աշխատավարձը։ Որպես դրամական միջոց հայտարարագրել է 2 մլն դրամ։
Խաչատրյանը բնակելի տարածք չունի։ Սարդարապատ գյուղում ունի 1000 քմ մակերեսով հողատարածք և 2005թ. արտադրության «ZAZ 110307» մակնիշի ավտոմեքենա։
ՀՅԴ-ի ցուցակի երրորդ համարը գործազուրկ Արմինե Հենրիկյանն է։ Նա հայտարարագրում չի նշել ոչ եկամուտ, ոչ էլ դրամական միջոց։ Այգեշատ գյուղում համասեփականության իրավունքով ունի բնակելի տուն և երեք ավտոմեքենա՝ «VAZ 2105», «VAZ 2107» և «RENAULT LOGAN»։




















