Լևոն Շիրինյանը դատարանի որոշմամբ ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի՝ պարտավորեցնելով վերջինիս ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Կարապետյանը դատարանից պահանջել էր հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և վճարել 9 միլիոն դրամ փոխհատուցում։
Հայցի հիմքում Շիրինյանի՝ «Սիվիկ»-ին տված հարցազրույցում և ֆեյսբուքյան գրառումներում հնչեցրած արտահայտություններն էին։
Մասնավորապես, Շիրինյանը հայտարարել էր. «Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել», ապա հավելել. «Սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված»։
Ինչպես նաև, Ֆեյսբուքյան գրառումներից մեկում Շիրինյանը Կարապետյանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ՝ նշելով. «Սամվել Կարապետյանն իր երրորդ հայտարարության մեջ լավագույնս է ձևակերպել ռուսական շահերը»։
Հիշեցնենք, որ դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ Շիրինյանին պարտավորեցնելով ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։




















