Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է ստեղծել անկախ սահմանադրական մարմին՝ Դատախազական խորհուրդ, որը պետք է երաշխավորի դատախազների և դատախազական համակարգի անկախությունն ու գործունեության արդյունավետությունը։
«Նոր Սահմանադրության նախագծի ութերորդ գլուխը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին։ Հիմնական նպատակն է ապահովել դրանց անկախությունը, արդյունավետ աշխատանքը և պաշտպանությունը քաղաքական կամ այլ անթույլատրելի ազդեցություններից։
Նոր Սահմանադրությամբ դատախազությունը սահմանվում է որպես միասնական և անկախ համակարգ, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ Դատախազության անկախությունը կարևոր է, որպեսզի դատախազներն իրենց որոշումները կայացնեն օրենքի հիման վրա՝ առանց արտաքին միջամտության։
Նոր Սահմանադրության նախատեսմամբ գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել դատախազության անկախությունն ու արդյունավետ աշխատանքը։ Խորհուրդը կզբաղվի դատախազների թեկնածուների ընտրության գործընթացով, նրանց կարգապահական պատասխանատվության հարցերով և դատախազության գործունեությանն առնչվող այլ կարևոր խնդիրներով։ Այն իրավասու կլինի նաև քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի նկատմամբ։
Դատախազական խորհուրդը կունենա 10 անդամ, որոնցից 5-ը կլինեն դատախազներ, իսկ մյուս 5-ը՝ դատախազ չհանդիսացող անձինք։ Վերջիններից մեկն ընտրվելու է խորհրդարանական ընդդիմության առաջադրմամբ։ Նման կազմը նպատակ ունի ապահովելու, որ դատախազության կառավարման հարցերում հաշվի առնվեն տարբեր տեսակետներ և բացառվի որևէ խմբի գերիշխող ազդեցությունը։
Գլխավոր դատախազի ընտրության համար սահմանվում է նաև երկրորդ փուլ․ եթե առաջին փուլում թեկնածուն չի ստանում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, երկրորդ փուլում բավարար կլինի ձայների մեծամասնությունը»։
Բացի այդ, նախագծից հանվել է Գլխավոր դատախազի թեկնածուի համար սահմանված 35 տարվա նվազագույն տարիքային շեմը։ Դատախազությունը սահմանվում է որպես միասնական անկախ համակարգ, իսկ դրա սահմանադրական գործառույթների ցանկում ևս փոփոխություններ են առաջարկվում։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը գործող ՀՀ Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է 6 տարի՝ առավելագույնը երկու անգամ անընդմեջ ընտրվելու հնարավորությամբ։




















