«Ֆլայ Արնան» զրկվեց օդանավ շահագործողի վկայականից
- Lilit

- Sep 9, 2024
- 1 min read

Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ), որի գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել նախորդ տարեվերջին, այսօր վերջնականապես զրկվեց կոմերցիոն գործունեություն ծավալելու առանցքային փաստաթղթից՝ օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքից։ Այս մասին գրում է «Հետք»–ը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ն այս տարվա մարտի 7-ին 6 ամսով կասեցրել էր ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ ընկերությունը չուներ օդանավ: Ըստ ՀՀ օրենսդրության, ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի:
Ավիաընկերությունը ՕՇՎ ստացել էր 2022 թ. մայիսի 5-ին, իսկ կոմերցիոն թռիչքները մեկնարկել էր նույն տարվա հուլիսի 3-ին: Վերջին նման թռիչքը եղել է այս տարվա հունվարի 16-ին, ինչից հետո «Ֆլայ Արնայի» միակ ինքնաթիռը կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում: Փետրվարի 26-ին այս բորտը տեղափոխվել է Շարժա, իսկ մարտի 6-ին դուրս է բերվել հայկական ռեգիստրից: Սրա հիման վրա էլ ՔԱԿ-ը կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը:




















