Սլավիկ Գալստյան․ Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ ոսկե մեդալ նվաճել
- Lilit

- Sep 13
- 2 min read

Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ ոսկե մեդալ նվաճել: Ինձ թվում է այս անգամ կստացվի հաղթել:
Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Սլավիկ Գալստյանը:
67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչն այս օրերին Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի հետ վերջին մարզումներն է անցնում աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:
«Լավ մարզավիճակում եմ: Ամբողջ թիմով լավ ենք պատրաստվել աշխարհի առաջնությանը: Մրցումներից առաջ չեմ սիրում խոստումներ տալ, բայց լավ արդյունքի ակնկալիք ունեմ: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ ոսկե մեդալ նվաճել:
Վնասվածքներ միշտ լինում են, բայց կարծում եմ՝ չեն խանգարի մրցաշարին: Աշխարհի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի հավաքներով: Այս՝ վերջին հավաքին մի քիչ ավելի հանգիստ ենք մոտեցել, որպեսզի պահպանենք լավ մարզավիճակը մրցագորգում եւ ավելի տրամադրված գոտեմարտենք:
Ֆիզիկական պատրաստվածությունն անցել ենք, այժմ կենտրոնացած ենք գորգային մրցումների վրա: Մրցումներից առաջ ուսումնամարզական գոտեմարտեր՝ փորձամրցում ենք անում, որպեսզի լիարժեք հասկանանք, թե ինչ մարզավիճակում ենք:
Ուսումնասիրել եմ մրցակիցներին: Իմ քաշային կարգում մի քանի երկրների հավաքականներում կան փոփոխություններ: Հիմնական մրցակիցներս մասնակցելու են: Բոլորին ուսումնասիրել եմ: Ինձ թվում է այս անգամ կստացվի հաղթել:
Օլիմպիական խաղերից հետո մեծ աշխատանք եմ տարել սխալների ուղղման վրա: Օլիմպիական խաղերն ինձ համար շատ մեծ փորձ էր. կարողացա հաղթել եւ պարտվել: Կարծում եմ՝ փորձս մի փոքր ավելացրել եմ: Ամեն ինչ կանեմ, որ այս աշխարհի առաջնությունում լրացնեմ այն, ինչ կիսատ թողեցի օլիմպիական մրցագորգում: Տակտիկայի վրա եմ աշխատել: Իմ կարծիքով՝ Փարիզում սխալ տակտիկական մրցակցություն վարելու պատճառով պարտվեցի: Կփորձեմ յուրաքանչյուր միավորի համար մինչեւ վերջ պայքարել»,- ասաց Սլավիկ Գալստյանը:
Սլավիկ Գալստյանը նախորդ անգամ աշխարհի առաջնությունում մեդալակիր է դարձել 2019 թ. Ղազախստանում, 63 կգ քաշայինների պայքարում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 18-21-ը: Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 16-ին:




















