top of page

«Ֆազի» սպանության գործով՝ նոր որոշում․ «Չաղ Ռուստամը» կմնա կալանքի տակ

16 minutes ago
2 min read

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Մասիվի նստավայրում` նախագահությամբ դատարվոր Մասիս Մելքոնյանի, շարունակվում է Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը։ Քննարկվել է մեղադրյալների խափանման միջոցը երկարաձգելու, փոփոխելու հարցը: Այս մասին գրում է «24news.am»-ը։


Դատախազն ասել է, որ դեռևս բարձր են գնահատվում վկայի նկատմամբ ազդեցություն ունենալու և այլ հանցանքներ կատարելու ռիսկերը: Նա առաջարկել է, որ կալանքը երկարաձգվի երկու ամիս ժամկետով:


Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը նշել է, որ ակնհայտորեն իր պաշտպանն ու մյուս մեղադրյալն անմեղ են:


«Որևէ ապացույց գոյություն չունի, որ Ռուստամ Ստեփանյանն առնչվել է որևէ զենքի հետ կամ որևէ մեկին ասել է սպանություն կատարել: Կալանքի տակ պահելը խոշտանգում է ու պատժի միջոց: Իմ պաշտպանյալն իր վարքագծով հիմնավորել է, որ խախտում թույլ չի տվել, երկու անգամ գտնվել է տնային կալանքում, երբեք չի խախտել իր նկատմամբ կիրառված սահմանափակումները: Անձն իր վարքագծով հիմնավորել է իր օրինապաշտ լինելը: Ի վերջո ամբողջ քրեական գործի նյութերը հետազոտված են, բոլոր վկաները հարցաքննված են, միայն մեկ վկա է մնացել, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մեկուսարանում: Այս ժամանակահատվածում մահացել է մեղադրյալների հայրը»,- պնդել է պաշտպանը:


Ռուստամ Ստեփանյանն ասել է, որ իր միակ ակնկալիքը օբյեկտիվությունն է, ուրիշ ոչինչ:


«Այս մարդիկ որէև ձևով առնչություն չունեն այդ հանցանքի հետ: Մեր պաշտպանյալները փորձե՞լ են խոչնդոտել, չեն փորձել, փորձե՞լ են փախոստի դիմել, չեն փորձել: Որևէ փաստական տվյալ որևէ մեկը չի կարող վկայակոչել, որովհետև չկան: Աշոտ Կուրեղյանը դատարանի դրած բոլոր պահանջները անշեղորեն կատարել է: Մեր պաշտպանյալներն ինչ մեղավոր են, որ պետությունն չի կարողանում այլ երկրում գտնվող վկայի հարցաքննությունը կատարել: Մարտ ամսից սպասում ենք այդ հարցաքննությանը, որի պատճառով պարբերաբար երկարաձգվում է մեր պաշտպանյալների կալանքը: ՌԴ-ում կալանքի տակ գտնվող վկայի վրա կարո՞ղ են մեր պաշտպանյալները ազդեցություն ունենալ, սա աբաուրդ է»- ասել է մեղադրյալ Աշոտ Կուրեղյանի պաշտպանը:


Դատարանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվել է 21 օրով:


Նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 28-ին:


Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:


Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին սպանվել է Սերգեյ Գրիգորյանը (Ֆազ)։


Քննությամբ պարզվել էր, որ Չաղ Ռուստամ մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և (Ֆազ) մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև անձնական հարցի կապակցությամբ դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

1/3596
bottom of page