top of page

Վիզաների ազատականացման ժամկետը կարող է փոխվել․ Ղազարյան

23 minutes ago
2 min read

Ինչի դուք չգիտեի՞ք, որ Հայաստանը պետք է սպասի, մենք հայտարարել ենք մեր վերջնաժամկետը՝ մոտավոր 2029 թվականը, որի գործողությունների ծրագիրն արդեն կա և Եվրամիության հետ պայմանավորվածությունը այն է, որ գործողությունների ծրագիրն ամբողջ ծավալով պետք է իրականացվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն՝ անդրադառնալով նրան, որ Եվրամիությունը  նախօրեին հայտարարել էր, որ վիզաների ազատականացման հետ կապված Հայաստանը դեռևս պետք է սպասի, մինչդեռ ՀՀ իշխանությունը վստահեցնում էր, որ առաջիկա տարիներին այդ գործընթացը կարող է իր ավարտին հասնել։


«Եթե մենք մինչև 2029 թվականը չհասցնենք գործողությունների ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնել, իրենք ճիշտ կլինեն, այդ ժամկետը շատ մոտավորապես է, կարող է 2030–ին  լինի, կարող է 2028-ին լինի, որովհետև շատ ընթացակարգային, տեխնիկական հարցեր կան, որոնք պետք է լուծենք։ Գիտեք, բիոմետրիկ անձնագրերի հարցն այս աշնանը կլուծվի, հաջորդիվ այլ տեխնիկական ընթացակարգային հարցեր կան ներառյալ մարդու իրավունքների ոլորտում հարցերը, որոնք նույնպես ներառված են այդ մեծ փաստաթղթի մեջ։ Հերթով լուծելով գնում ենք»,– ասել է նա։


Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵՄ–ի կողմից այդ հայտարարությունը կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հայտարարել է, որ հանրաքվե կարող էինք անել, բայց չարեցինք և օրենքը ընդամենը ընդունեցինք, Ղազարյանը պատասխանել է. «Ո՛չ, չի կարող վիզաների ազատականացումն որևէ քաղաքական հայտարարության հետ կապված լինել, այստեղ տեխնիկական պարամետրերի մասին է խոսակցությունը, քաղաքական որոշումն արդեն կայացվել է, և եթե տեխնիկապես կառավարությունը բավարարի բոլոր պահանջները, գործողությունների ծրագիրը ամբողջությամբ անի, այդտեղ ոչ մի քաղաքական կոմպոնենտ չի կարող լինել, նույնիսկ եթե իշխանություն փոխվի և տարբերվող դիրքորոշումներ ունենա այս հարցում։


Եթե, օրինակ, իշխանությունը փոխվի և գործողությունների ծրագիրը չիրականացվի, պարզ է՝ այդ դեպքում չէ ազատականացվի։ Բայց եթե արդեն ազատականացված լինի, իշխանություն փոխվի, որը կանի հակաեվրոպական հայտարարություններ, այդ հայտարարությունների վերաբերյալ սանկցիաներն ավանդաբար ԵՄ–ն կիրառում է միայն տվյալ անձի քաղաքական գործիչի նկատմամբ, ոչ թե ամբողջ պետության բոլոր քաղաքացիների։


ԵՄ–ի աշխատանքային ոճը այնպիսին չէ, ինչպիսին որոշ երկրների, որոնց հետ մենք սովոր ենք աշխատել։ Մեր նկատմամբ ապրանքների սահմանափակումը, նույնիսկ ռուսամետ հայացքներ ունեցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ասում է, որ դա քաղաքական որոշում է, ոչ թե տեխնիկական»,– հավելել  է նա։


Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ընդունված օրենքին, ՔՊ–ական պատգամավորն ասել է, որ դա չի հակասում ԵԱՏՄ որևէ փաստաթղթի. 


«Մենք օրենքն ընդունելուց առաջ ենք սա ստուգել ենք։ Մենք մեր պարտավորությունները, ընթացակարգերը պահում ենք։ Պետք չի հորինել բաներ, որոնք չկան։ Մենք իհարկե հանրաքվե կանենք,  շնորհակալ ենք նաև նրա համար, որ մեզ խթանում են մեր ԵԱՏՄ գործընկերները, բայց դրա համար ընթացակարգեր կան, որ պիտի անցնենք և հասնենք հանրաքվեի փուլին։ Մենք իհարկե կարագացնենք մեր գործողությունները, բայց ինձ թվում է՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման օրվանից ի վեր, այդ որոշումն արդեն իսկ Հայաստանը կայացրած կլինի։ 


Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ռուս պաշտոնյաներ ասում են, որ Հայաստանը օգտվում է ԵԱՏՄ առավելություններից, բայց ուզում է ԵՄ անդամ դառնալ, Թագուհի Ղազարյանը նկատել է, որ ԵԱՏՄ–ն բարեգործական կառույց չէ և այնտեղ բոլորն են փոխադարձ օգտվում միմյանց տնտեսական առավելություններից. 


«ԵԱՏՄ-ն կշարունակի Հայաստանից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի որոշել դադարեցնել անդամակցությունը»,- ասել է  ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

1/3596
bottom of page