top of page

Երևանում երկու կին սեռական շահագործման է ենթարկվել. ՔԿ

1 day ago
1 min read

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Դ.-ն մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:


Մասնավորապես՝ Ս.Դ.-ն 2 տուժողներին շուկայականից մոտ 5 անգամ ավելի թանկ արժեքով կենցաղային ապրանքներ ու հագուստ վաճառելով, որպես նոր պարտք հաշվարկելով նաև ցուրտ եղանակից իբր պատսպարվելու միջոց ծառայող ավտոմեքենայի օրավարձի, ինչպես նաև ձեռք բերված նոր ավտոմեքենայի գումարները՝ խորացրել է նրանց ֆինանսական կախվածությունը։


Արդյունքում, մինչև 2026 թվականի մայիսը, չնայած վերջիններիս կողմից Ս.Դ-ին օրական տված գումարներին՝ նրանց պարտքերը ավելացել են` մի դեպքում 9 մլն դրամից հասնելով ավելի քան 12 մլն դրամի, մյուս դեպքում` 3 մլն-ից հասնելով ավելի քան 15 մլն դրամի։ 


Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ս.Դ.-ն, օգտագործելով տուժողների մոտ առաջացած ֆինանսական խոցելի վիճակն ու կախվածությունը, նրանց պահելով մշտական հսկողության տակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պարտադրել է նրանց մինչև ուշ գիշեր կամ հաջորդ օրվա առավոտ մնալ դրսում՝ իր սահմանած գումարները վաստակելու և իրեն փոխանցելու նպատակով։


Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո:


Նախաքննության ընթացքում Ս.Դ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը) (2 դրվագ):


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

1/3596
bottom of page